Կարտոֆիլ, սոխ, սխտոր, հացահատիկ, գիտահետազոտական ու սորտափորձարկումների նպատակով 53 անուն մշակաբույսերի նոր տեսակներ հնարավոր կլինի Հայաստան ներկրել սահմանված նվազեցված չափաքանակներով: Եթե տեսակը գրանցված չէ Հայաստանում թույլատրված սերմերի գրանցամատյանում, որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ այն վաճառքի նպատակով չի կարող ներկրել:
Մինչդեռ նախկինում գիտահետազոտական փորձարկումների անվան տակ երկիր են բերել ավելի մեծ քանակներ:
Դավիթ Բաբայան (Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար) - Ու չէր հարկվում փոձագիտականը, ըստ էության, այո: Օրինակ՝ ցորենի դեպքում այն կազմում էր 300 տոննա, սխտորի դեպքում՝ 800 տոննա, կարտոֆիլի դեպքում՝ 4000 տոննա: Նոր կարգավորումով մենք նվազեցրել են դրանց թվերը. ցորենի դեպքում դա դարձել է 1200 կիլոգրամ, սխտորի դեպքում՝ 170 կիլոգրամ, իսկ կարտոֆիլի դեպքում՝ շուրջ 8 տոննա:
Որ հետագայում ներկրողները խնդիրներ չունենան, պարտավոր են նաև մինչև հունիսի 10-ը պետական սորտափորձարկման համար դիմել Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն:
Դավիթ Բաբայան - Հունիսի 10-ից ուժի մեջ է մտնելու առավելագույն քանակների սահմանաչափը, որով չգրանցված սորտերի ներմուծելը խնդիր կլինի:
Հայաստանում երբևէ չի գործել տնկանյութի հավաստագրման կարգը: Քիչ չեն դեպքերը, երբ ֆերմերը հիմնել է իր նախընտրած սորտերով մրգատու այգի, սակայն ակնկալվող արդյունքը չի ստացել:
Դավիթ Բաբայան - Երեք տարի աշխատանքներ իրականացնելուց, ֆինանսական միջոցներ ներդնելուց հետո ստանալ այն բերքը, որն իրեն պետք չէր, կանխատեսելի չէ:
Շուտով կգործի նաև տնկանյութի հավաստագրման համակարգ: Ոլորտի խնդիրները հետայսու կկարգավորվեն օրենսդրորեն:
Դավիթ Բաբայան - Սերմերի մասին օրենքում պահանջ կար, որ չգրանցված սորտերը չեն կարող վաճառվել, և հիմա արդեն տնկանյութի մասով նույն դրույթներն են ավելացել, որով չգրանցված սերմերը և տնկանյութը չեն կարող վաճառվել:
Այստեղ տնկանյութ արտադրող բոլոր տնտեսությունները ևս պարտադիր պետք է վաճառեն բացառապես հավաստագրված տնկիներ: