Երիտասարդական մայրաքաղաք հռչակված Մեծամորում երիտասարդությանը ծառայող, մշակութային և ինտելեկտուալ ժամանցի պահանջարկը բավարարող կենտրոններ չկան: Մի խումբ երտասարդների ջանքերով օրերս Վազգեն Սարգսյանի անվան կենտրոն բացվեց:
Կենտրոնը մայրաքաղաքից հեռու ապրող երիտասարդների համար կազմակերպելու է կրթական և մշակութային միջոցառումներ, շաբաթօրյակներ, արշավներ, ճանաչողական էքսկուրսիաներ: Մեկ հարթակում է հավաքելու երիտասարդներին. մենթորների միջոցով նրանց հմտություններ է փոխանցելու, որ հետո, նոր խմբերով, աշխատանքներ տանեն նաև խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում:
Գեղամ Հայրապետյան (Մեծամորի Վազգեն Սարգսյանի անվան երիտասարդական կենտրոնի համահիմնադիր) - Տարբեր համայնքներից երիտասարդներին ներգրավում ենք: Սա առաջին կենտրոնն է, ժամանակի ընթացքում կունենանք նաև ուրիշները՝ գյուղերում, որոնք կապվելու են իրար հետ, ու մեծացնելու ենք ցանցը:
Ամենամեծ գյուղերից մեկում՝ Զարթոնքում, մշակույթի տուն չկա: Կենտրոնը, որտեղ ընդգրկված են նաև զարթոնքցի պատանիներ ու աղջիկներ, կփորձի ակտիվացնել նաև գյուղական այդ բնակավայրի երիտասարդությանը:
Գոռ Ղազարյան (Զարթոնք համայնքի ներկայացուցիչ) - Հանգած գոտիները շատ են մեր համայնքում, երեխաների զբաղվածության ցածր մակարդակը կարող ենք բարձրացնել, մշակութային միջոցառումներ անել:
Մեծամոր խոշորացված համայնքը 31 բնակավայր ունի: Կենտրոնի կամավորները կայցելեն բնակավայրեր, կմոտիվացնեն գյուղաբնակ երիտասարդներին՝ ոչ ֆորմալ կրթությամբ բարձրացնելու ինտելեկտը:
Քրիստինե Աչոյան (Մեծամորի Վազգեն Սարգսյանի անվան երիտասարդական կենտրոնի համահիմնադիր) - Այստեղ կարող են գրքեր կարդալ, համակարգչով զբաղվել, երաժշտություն լսել ու մասնակցել կրթամշակութային սեմինարիների:
Երիտասարդներին աջակցում են Մեծամորի համայնքապետարանը, հասարակական կազմակերպություններ, նաև անհատներ: Նրանցից մեկի անհատույց տրամադրած տարածքում էլ տեղակայվել է կենտրոնը:
Շենքը, ի դեպ, նորոգել ու կահավորել են երիտասարդները՝ իրենց հանգանակած միջոցներով: ԿԳՄՍ նախարարությունը ևս սերտ կապի մեջ է նրանց հետ: Ուղեցույցը, որ տրամադրել է երիտասարդական նորաբաց կենտրոնին, կօգնի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպել:
Զարա Ասլանյան (ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ) - Դա հնարավորություն կտա երիտասարդներին ունենալ տրամաբանական կապ՝ սկսած տեխնիկական և ֆիզիկական հնարավորությունից մինչև միասին գնացող ճանապարհ:
Գյուղաբնակ երիտասարդներն այստեղ նաև աշխատել կսովորեն բարձր տեխնոլոգիաների միջոցով:
Դա հնարավորություն կտա ներկայանալի լինել աշխատաշուկայում: