Այս տարվա 9-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով ու գրիպով պայմանավորված հիվանդացության ավելացում: Աճի կտրուկ միտում նկատվում է հատկապես վերջին 2 շաբաթում. հիվանդացությունն աճել է 1,1 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,5 անգամ: Ընդհանուր դեպքերի 69 տոկոսը կազմում են մինչև 18, իսկ 30 տոկոսը՝ 30-64 տարեկանները: Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այս պահին աշխարհում գերակշռում է գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Թեև ՌԴ-ում արդեն իսկ առավել շատ շրջանառվում է գրիպի B տեսակը, Հայաստանում ևս գերակշռում է գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակը, բայց կա նաև գրիպ A-ի H1N2, գրիպ B:
Մարտի 8 ի դրությամբ Հայաստանի պոլիկլինիկաներ դիմել է սուր շնչառական վարակի ախտորոշմամբ 1 705 պացիենտ, որից 1 063-ը՝ մինչև 18 տարեկաններ: Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ շարունակական աճը պայմանավորված է ինչպես սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնային ակտիվությամբ, այնպես էլ կորոնավիրուսի դեպքերի թվի աճով: Ի դեպ, վերջին 14 օրում արձանագրվել է քովիդի 855 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 79 տոկոսով: Ըստ Եվրամիության չափանիշների՝ Հայաստանը այս պահին «նարնջագույն» գոտում է:
Ռոմելլա Աբովյան - Դրական թեստերի մասնաբաժինը կազմում է 29,9 տոկոս: Իրականում մեր վերլուծության տվյալները չեն կարող ցույց տալ, քանի որ անձինք կարող են շատ ավելի թեթև նշաններ ունենալ ու չդիմել ԲԿ-ներ, բայց այն պացիենտները, որոնք դիմում են այդ ախտանշաններով, թեստավորվում են:
Մասնագետները փաստում են, որ վերջին ամիսներին մարդիկ ավելի շատ են սկսել դիմել առաջնային օղակին բուժօգնություն ստանալու համար, ինչը նպաստել է ծանր դեպքերի նվազմանը: Մարտի 8 ի դրությամբ՝ թոքաբորբից բուժում է ստանում 201 պացիենտ:
Ռոմելլա Աբովյան - Քանի որ պոլիկլինիկա դիմելիությունը ավելանում է, նվազում են շտապօգնության կանչերը, քանի որ նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո և համապատասխան բուժում են ստանում, նաև հոսպիտալացման առումով ունենք կայունացում:
ՀՎԿԱԿ-ից ևս մեկ անգամ հիշեցնում են՝ այժմ սուր շնչառական վարակների և գրիպի սեզոն է, և դեռ ռիսկ կա, որ հիվանդացության տարածումն ավելանա, իսկ գրիպի դեմ պայքարի լավագույն միջոցը շարունակում է մնալ պատվաստումը: Մասնագետները վստահեցնում են՝ մեր երկրում առկա պատվաստանյութերը պաշտպանում են բոլոր շտամներից, անհրաժեշտ է միայն տարին մեկ անգամ պատվաստվել:
Ռոմելլա Աբովյան - Առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել այն հիմնական կանոնները,որոնք կարող են կանխել վարակի տարածումը, մասնավորապես ախտանշաններ ունենալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել առաջնային պահպանման օղակին, հիվանդության դեպքում զերծ մնալ շփումներից, չհաճախել կազմակերպություներ, երեխաներին չուղարկել ուսումնական հաստատություներ, կրել դիմակ նաև հանրային տրանսպորտում:
Մասնագետները հիշեցնում են՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններն են ջերմությունը, քթից արտահոսքը, մկանացավն ու գլխացավը, թուլությունը՝ ախտանշաններ, որոնք բնորոշ են նաև կորանավիրուսին: