ԲԱՔՎՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՆՉՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ
Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն: Նրան բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված երկու երկրների պետական սահմանին իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների հետ. հայտարարությունը տարածել են Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները։
«Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-10:26-ն անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ Զանգելանից մինչև Բիլասուվարի շրջան և հակառակ ուղղությամբ։ Ինքնաթիռը թռչում էր երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորությամբ, իսկ որոշ դեպքերում՝ հենց պետական սահմանի վրայով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ 36 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ մայիսի 14-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 կուսակցություն:
Հանձնաժողովի որոշման համաձայն՝ մայիսի 14-ին ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 08:00-17:00-ն: Ավելի վաղ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը միաձայն քվեարկել է նախագահական և խորհրդարանական ընտրությունները մայիսի 14-ին հաստատելու օգտին: Ըստ անհրաժեշտության՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱ ՇՈՒՐՋ 48 000 ԶՈՀ
«Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 47.932-ի»,- Մալաթիայի աղետների համակարգման կենտրոնում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։
Նա նշել է, որ երկրաշարժի զոհերի թվում կա 6265 օտարերկրացի։
Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 820 հազար շենք հնարավոր չի լինի օգտագործել՝ այս մասին էլ հայտարարել է քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը։
«Մենք ավարտել ենք վնասի գնահատումը 11 նահանգներից 5-ում։ 1 մլն 706 հազար շենքերից փլուզման եզրին են գտնվում կամ միջին աստիճանի ավերված են 821 հազար 302 շենքեր»,- ասել է նա։
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՌԻԱԴԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Իրանի ու Սաուդյան Արաբիայի պայմանավորվածությանն անդրադարձել են Վաշինգտոնից:
Սպիտակ տնից ողջունել են Մերձավոր Արևելքում լարվածությունը «թուլացնելու» կողմերի ջանքերը: Ջո Բայդենի գրասենյակի մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտարարել է, որ Ռիադ-Թեհրան հարաբերությունների ջերմացումը չի փոխում Վաշինգտոնի դիրքորոշումը Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ։
7 տարվա ընդմիջումից հետո, Իրանն ու Սաուդյան Արաբիան, Չինաստանի միջնորդությամբ նախօրեին պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները։ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները խզվել էին Էր Ռիադի նախաձեռնությամբ 2016 թվականին: Պատճառը Թեհրանում և Մաշհադում այդ երկրի դեսպանատան և հյուպատոսության վրա հարձակումն էր, որը դատապարտել էր նաև Իրանը:
ՓԱՐԻԶՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Փարիզում կենսաթոշակային համակարգի փոփոխության դեմ բողոքի ցույցը ցրելու համար: Բողոքի ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում՝ արհմիությունների ներկայացուցիչներ, տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտների աշխատակիցներ, բուժաշխատողներ, ուսուցիչներ, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններ, դեղին բաճկոնների շարժման կողմնակիցներ:
Նրանք պահանջում են իշխանությունից հետ կանչել կենսաթոշակային բարեփոխումների օրինագիծը: Ցույցի ընթացքում բողոքավորները շշեր են նետել իրավապահների ուղղությամբ, ինչին ի պատասխան, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Բողոքի ցույցերը շարունակվում են նաև Վրաստանում: Ընդդիմադիրներն ակցիա են կազմակերպել երկրի խորհրդարանի մոտ։ Բողոքի պատճառն այս անգամ վերաբերում է զորակոչին:
Զինվորական ծառայությունն ընդդիմադիրները համարում են հնացած, անարդյունավետ և ծախսատար: