Պահածոյացված, խորոված բանջարեղեններ, սառեցված մրգեր ու հատապտուղներ և ոչ միայն: Բոլորը բնական եղանակով արտադրված ու վերամշակված, սակայն դեռ ոչ այնքան ճանաչելի հայկական շուկայում: «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիրը, մեկ վայրում համախմբելով կանաչ գյուղատնտեսության մեթոդներով արտադրություն իրականացնող ֆերմերներին, գործարարներին, սննդի ու հյուրանոցային արդյունաբերության, մանրածախ առևտրի ոլորտի ներկայացուցիչներին, փորձում է լուծել արտադրանքի իրացման խնդիրը:
Գառնիկ Մանուկյան (ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի մարկետինգի փորձագետ) - Այդ կապի բացակայությունը զգալի է: Ինչու: Որովհետև գնող կողմը տեղյակ չէ, որ երկրում արդեն կան բարձր որակի համապատասխան գյուղմթերք և վերամշակված գյուղատնտեսական արտադրանք, իսկ արտադրող կողմը սովորաբար որոշակի խնդիրների է բախվում՝ իրացման հետ կապված:
Հանդիպման ընթացքում ֆերմերներն ու արտադրողները հնարավորություն ունեցան հենց տեղում ներկայացնել իրենց արտադրանքը ու քննարկել համագործակցության տարբերակները: Լոռեցի գյուղատնտես Կարեն Սիմոնյանի արտադրանքը ավելի քան 10 բիզնեսի ներկայացուցիչների է հետաքրքրել, փոխանակվել են կոնտակտներով, ստացել դիտարկումներ, որոնք նախատեսում են առաջիկայում շտկել: Ասում է՝ սա հնարավորություն է, որ օրգանիկ արտադրանքը հենց Հայաստանում իրացվի՝ արտահանելու փոխարեն:
Կարեն Սիմոնյան (գյուղատնտես) - Համաձայնեցրել ենք, հետագա քննարկումները կազմակերպել, սեզոնին ընդառաջ արդեն ծավալները պլանավորենք, պլանավորենք մատակարարման կարգը:
ԵՄ ներկայացուցիչները նշում են՝ կանաչ գյուղատնտեսությունը Հայաստանում զարգացած չէ: Բացը շտկելու համար կարևոր է բիզնեսի տարբեր ոլորտների համագործակցությունը: Նման միջոցառումները միտված են նաև խրախուսել գյուղատնտեսության վարման ժամանակակից մեթոդների կիրառությունը, ինչի շնորհիվ ֆերմերները խնայում են ֆինանսներ և ժամանակ, նվազագույնի է հասցվում բնության վրա բացասական ազդեցությունը։
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան