ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՋՈ ԲԱՅԴԵՆԸ ԵՎ ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆԸ
Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Հանդիպման սկզբում նրանք վերահաստատել են գործակցության պատրաստակամությունը, Ուկրաինային ցուցաբերվող միասնական աջակցության շարունակությունը և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը: ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու երրորդ երկրների կողմից Ռուսաստանին պատժամիջոցների շրջանցելուն ուղղված աջակցությունը՝ բանակցություններից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:
ԱՄՆ նախագահն ու Եվրահանձնաժողովի նախագահը նշել են, որ խորացնում են համատեղ աշխատանքը՝ ակտիվորեն կիրառելու պատժամիջոցներ ու արտահանման հսկողություն, դադարեցնելու և կանխելու պատժամիջոցների շրջանցումը, այդ թվում՝ Ռուսաստանի համար բոլոր ռեսուրսների հասանելիության սահմանափակումը։
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՍԿԻԶԲ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն հինգ տարվա ընթացքում առաջին անգամ անցկացրել են բրիտանա-ֆրանսիական գագաթնաժողով։ Համաժողովն ու հանդիպումը տեղի են ունեցել Փարիզում։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հարաբերություններում նոր սկիզբ են հայտարարել: Մակրոն ու Սունակը պայմանավորվել են միգրացիայի դեմ պայքարի բազմամյա ֆինանսական ռազմավարության շուրջ: Երկրների առաջնորդներն անդրադարձել են նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը:
Նրանք հույս են հայտնել, որ պատերազմից Ուկրաինան դուրս կգա հաղթանակած: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է Ֆրանսիայի հետ համագործակցաբար ուկրաինացի ծովայինների վերապատրաստման վերաբերյալ համաձայնության մասին։ Մակրոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ցանկության մասին՝ օգնելու Կիևին մոտ ապագայում հակահարձակման անցնելու համար։
ԼԱՎՐՈՎՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին հեռուստաալիքի եթերում ասել է, որ Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» օրինագծի շուրջ ծավալվող իրադարձությունները հիշեցնում են Կիևում Մայդանը: Նրա խոսով՝ բողոքի ցույցերն ընդդիմության կողմից օգտագործվել են ներկայիս ռեժիմը տապալելու նպատակով։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև «կեղծավորություն» է անվանել Վրաստանի իրադարձությունների վերաբերյալ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մեկնաբանությունները:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետի համոզմամբ՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները կառավարվում են դրսից, և դրանց նպատակն է գրգռիչ գործոն ստեղծել Ռուսաստանի սահմանի մոտ:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ
Թուրքիայի բարձրագույն ընտրական կոմիտեն միաձայն հաստատել է մայիսի 14-ին նախագահական ընտրությունների անցկացման որոշումը: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները` միաժամանակ տեղեկացնելով, որ մայիսի 28-ին նշանակված է ընտրությունների երկրորդ փուլը: Քաղաքագետները կանխատեսում են, որ նախագահի պաշտոնի համար պայքարում Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը կդառնա ընդդիմադիր «Ժողովրդական ալյանսի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱ ՇՈՒՐՋ 48 000 ԶՈՀ
Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 47.932-ի՝ Մալաթիայի աղետների համակարգման կենտրոնում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։
Նա նշել է, որ երկրաշարժի զոհերի թվում կա 6265 օտարերկրացի։ Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 820 հազար շենք հնարավոր չի լինի օգտագործել՝ այս մասին էլ հայտարարել է քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը։
«Մենք ավարտել ենք վնասի գնահատումը 11 նահանգից 5-ում։ 1 մլն 706 հազար շենքերից փլուզման եզրին են գտնվում կամ միջին աստիճանի ավերված են 821 հազար 302 շենքեր»,- ասել է նա։