Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը, նախնական տվյալներով, տեխնիկական խնդիրներ է ունեցել, «Լուրերին» հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ հավելելով, որ ավելի հստակ իրավապահները կհայտնեն:
Վթարը տեղի է ունեցել Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին: Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «Պազ» մակնիշի ավտոբուսը Առաջաձոր բնակավայրի կամրջից մոտ 5 մետր բարձրությունից ընկել Աճանան գետը:
Վթարի հետևանքով տուժել է 24 անձ, որից 14-ը՝ աշակերտ: Հիվանդանոցում ուսուցիչներից մեկը մահացել է:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Երեխաների շրջանում չկան կյանքին վտանգ սպառնացող կամ առանձնապես ծանր վնասվածքներ, կոտրվածքներ կան մի քանի երեխաների մոտ: Մեծահասակների մասով` կան գանգուղեղային վնասվածքներով մարդիկ, ովքեր հիմա անցնում են բժշկական հետազոտություն:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Գոռ Աբրահամյան (Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար) - Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություն, որոշում է կայացվել նմուշառում ստանալու մասին, նշանակվել են դիակի դատաբժշակական և դատաբժշկական փորձաքննություններ:
23 քաղաքացի գործով տուժող է ճանաչվել: Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարն ասաց՝ հայտնի է այն ընկերությունը, որն իրականացրել է դպրոցականների և անձնակազմի ամենօրյա փոխադրումը, բայց այս պահին այլ մանրամասներ հրապարկման ենթակա չեն: «Լուրերը» փորձեց տեղեկություն ճշտել նաև դպրոցի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանից` որ ընկերությանն է պատկանում ավտոբուսը, խնդիրներ նախկինում եղել են, թե ոչ, տնօրենը հարցերին չպատասխանեց, իսկ մարզպետը միայն ասաց, որ դպրոցն ու փոխադրող այդ ընկերությունը պայմանագիր ունեն:
Մարզպետի խոսքով` հիմնականում Օխտարի միջնակարգ դպրոցում կապանցի երեխաներն են սովորում: Ռոբերտ Ղուկասյանը հավելեց՝ որևէ խնդիր ճանապարհի հետ կապված չկա, այն ամբողջությամբ ասֆալտապատված է:
Վիրավորների թվում նաև ավտոբուսի վարորդն է, նրան հարցաքննել դեռ չի հաջողվել:
Գոռ Աբրահամյան - Այս պահի դրությամբ նաև հնարավոր չի դարձել վարորդի հետ կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ` նրա առողջական վիճակից ելնելով, որովհետև վնասվածք ստացել է դեմքի հատվածում, խոսելու հետ կապված խնդիրներ ունի, պատեհ պահին նաև այդ գործողությունները կկատարվեն, նաև այդ առումով որոշակի պատկեր կունենանք մենք:
Նախաքննությունը շարունակվում է, նշանակված է նաև ավտոբուսի տեխնիկական վիճակի վերաբերյալ փորաձքննություն:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան