Առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ մեքենաներով երթևեկելու տուգանքի չափը ավելանում է՝ հայտնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Ըստ այդմ` գերբեռնված յուրաքանչյուր տոննայի համար սահմանվում է 200 000 դրամ տուգանք:
Ելենա Զոհրաբյան (ՀՀ ՔՏՀԱՏՄ հանրային կապերի պատասխանատու) - Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեռ նախորդ տարի էր «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես եկել, որով սահմանվում էր մեծ եզրաչափերով և ծանրաքարշ մեքենաների կշռման և դրանից բխող տուգանքների նշանակման կարգը:
Գործող կարգով գերբեռնված բեռնատարը մեկ տոննայով թե 10 կամ 20 տոննայով է թույլատրելի սահմանաչափը խախտել, կիրառվում է միևնույն 200 000 դրամ տուգանքը: Նոր կարգավորմամբ ստացվում է` որքան շատ լինի թույլատրելիից ավելի բեռի քաշը, այնքան մեծ է լինելու նաև տուգանքի չափը:
Ելենա Զոհրաբյան - Այն ժամանակ կային իրավաբանական անձինք, որոնք բեռնափոխադրումն իրականացնում էին սահմանվածից կրկնակի կամ եռակի ավել քաշով, և տպավորություն էր, որ նախընտրում են գերբեռնված երթևեկեն, վճարեն նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով տուգանք, իսկ հիմա դա չեն կարոող, որովհետև շատ մեծ տուգանք է սպասվում այդ դեպքում:
Տուգանքի չափի փոփոխությունը ինքնանպատակ չէ՝ հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Ավտոճանապարհները լրջորեն վնասվում են գերբեռնված տրանսպորտի երթևեկից: Վնասված 1 կմ ճանապարհի հիմնանորոգման համար պետությունը 100-200 մլն դրամ է ծախսում պետական բյուջեից: Որ ճանապարհները ժամանակից շուտ շարքից դուրս չգան, տեսչական մարմինը շարունակում է բեռնատարների կշռման գործընթացը:
Ելենա Զոհրաբյան - 2023-ի հունվարի 1-ից մարտի 7-ը ժամանակահատվածում իրականացված կշռումների պատկերը հետևյալն է. կշռվել է 9760 տրանսպորտային միջոց, կազմվել է 478 վարչական արձանագրություն` յուրաքանչյուրը 200 000 դրամ տուգանքով: Մինչև այս պահը սահմանվել է նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով:
Այս պահին երկրում անշարժ կշռման երկու հենակետ կա. մեկը՝ Սիսիանում, մյուսը՝ Արմավիրում: Անշարժ հենակետերից բացի տեսչականը շարժական կշեռքներ է գործարկում տարբեր ճանապարհահատվածներում:
2022 թվականին տեսչական մարմինը Հայաստանում կշռել է 22 485 տրանսպորտային միջոց, կազմել 1 470 վարչական արձանագրություն: Ամենաշատ կշռումներն իրականացվել են Սիսիանի անշարժ հենակետում՝ 21 292 փոխադրամիջոց: 927 կշռում Արմավիրի մարզում է արվել, 266 կշռում էլ իրականացվել է շարժական կշեռքների միջոցով:
Գերբեռնված մեքենաների տուգանքի փոփոխությունը կգործի մարտի 23-ից, խախտումը կրկնելու դեպքում տուգանքի չափն էլ կրկնակի կլինի՝ 1 տոննայի համար 400 000 դրամ: