ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՕՐԻՆԱԳԾԻՆ
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ դեմ են քվեարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծին։ Խորհրդարանում քվեարկությանը զուգահեռ օրենսդիրի շենքի դիմաց տասնյակ ցուցարարներ են հավաքվել, նրանք ծափերով ողջունել են օրինագծի չեղարկումը, որը մարտի 7-ից զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձել։ Լրատվամիջոցների տվյալով՝ Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց տեղադրված պատնեշներն ապամոնտաժվել են։
Արևմուտքը ողջունել է Վրաստանի իշխանությունների որոշումը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նշել է՝ օտարերկրյա գործակալների օրինագիծն անհամատեղելի է Թբիլիսիի եվրաինտեգրման գործընթացների հետ։
Ռուսական կողմն էլ է անդրադարձել Վրաստանում զարգացումներին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է՝ ոմանք ջանասիրաբար փորձում են հակառուսական տարրեր ավելացնել Վրաստանում ստեղծված իրավիճակին։
«Ռուսաստանը որևէ կապ չունի այդ ամենի հետ»,- ասել է Պեսկովը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ կարծիք է հայտնել, որ Վրաստանում զարգացումները «թելադրված» են դրսից: Նրա խոսքով՝ նպատակը Ռուսաստանի սահմանների մոտ լարվածություն ստեղծելն է:
«Կարծում եմ՝ Ռուսաստանի շուրջ գտնվող բոլոր երկրները պետք է հետևություններ անեն, հասկանան՝ որքան վտանգավոր է ԱՄՆ-ի շահերի գոտում հայտնվելը»,- ասել է Լավրովը։
ԻՐԱՆԸ ԵՎ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իրանի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները: Իրանական լրատվամիջոցների տվյալով՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչները մի քանի օր բանակցություններ են անցկացրել Պեկինում, արդյունքում եռակողմ հայտարարություն է ընդունվել: Թեհրանը և Էր Ռիադը պայմանավորվել են առավելագույնը երկու ամսվա ընթացքում վերաբացել դեսպանատները։ Նշվում է, որ հարաբերությունների կարգավորման վերջնական համաձայնությունը ձեռք է բերվել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի նախաձեռնությամբ, ինչպես նաև Օմանի և Իրաքի միջնորդությամբ։
«Երկու երկրները հավատարիմ են մեկը մյուսի ինքնիշխանությունը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին»,- նշված է համատեղ հայտարարության տեքստում։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումը կնպաստի Պարսից ծոցում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։
Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները սրվեցին 2015 թվականին, երբ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ռազմական գործողություն սկսեց «Անսար Ալլահ» շարժման դեմ։ 2016 թվականին էլ ցուցարարները հարձակվեցին Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան և հյուպատոսության վրա, ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն էին հայտնում Էր Ռիադում հայտնի շիա հոգևորական Շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժի հետ կապված: Այս միջադեպերից հետո թագավորությունը խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: Կողմերի միջև երկխոսությունը վերսկսվել է 2021 թվականինց, այս ընթացքում Բաղդադում բանակցությունների հինգ փուլ է անցկացվել։
ՍԻՐԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ ԴԺՎԱՐ ՕՐԵՐԻ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի և իր գործընկեր Ֆեյսալ ալ Միկդադի հետ։ Արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սիրիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Բաշար ալ Ասադը և Ամիր Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային բոլոր զարգացումները, նշել, որ այդ հարցերում երկու երկրի դիրքորոշումները համընկնում են:
Աբդոլլահիանը, իր հերթին, Սիրիային և Իրանին անվանել է դժվար օրերի ընկերներ՝ հավելելով, որ Թեհրանը ողջունում է վերջին շրջանում Սիրիայի և տարածաշրջանային երկրների միջև հարաբերությունների վերականգնման դրական տեղաշարժը։
Աբդոլլահիանը շեշտել է՝ Թեհրանը ողջունում է նաև առաջիկայում սպասվող Իրանի, Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի քառակողմ հանդիպումը, ինչը կարող է նպաստել տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարմանը։
ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ-ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Իրանի գազի ազգային ընկերությունից տեղեկացրել են, որ վերսկսվել են Թուրքմենստան-Իրան-Ադրբեջան գազի սվոփ մատակարարումները: Թուրքմենստանից այս պահին Իրան է մատակարարվում 10 մլն խ. մ թուրքմենական գազ, որից 7 մլն-ը գնում է Ադրբեջան:
Մատակարարումների դադարեցման մասին հայտնի էր դարձել հունվարին: Պատճառը սաստիկ ցուրտ եղանակի հետևանքով Թուրքմենստանում գազի պահանջարկի աճն էր:
ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԲԱՔՎԻ ԿՐԿԵՍԻ ՄՈՏ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվի պետական կրկեսի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժել է 3 մարդ, նրանցից մեկը ուսանող է։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ընթանում է քննություն։