2022-ին ավարտված կոռուպցիոն գործերով պետությանը պատճառվել է ավելի քան 2,2 միլիարդ դրամի վնաս, որից վերականգնվել է ավելի քան 872 մլն դրամը: Գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության մոտ առկա գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել է 7.7 մլրդ դրամ, վերականգնվել է 5 մլրդ-ը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել է դատախազության 2022 թվականի գործունեությունը: Վարդապետյանը հանձնարարել է սահմանել գործերի քննության նոր տեմպ:
Նախորդ տարի հանրապետությունում գրանցվել է հանցագործության 37 հազար 612 դեպք, 2021-ին այն ավելի քան 30 հազար էր: Առանձնապես ծանր հանցագործությունները 2021-ի համեմատ աճել են 531-ով:
Կոլեգիայի նիստում անդրադարձել են նաև ընտանիքում բռնության դեպքերին. դրանք նվազել են 143-ով. արձանագրվել է 357 դեպք, որից 231-ը կատարվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ:
Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարին՝ գլխավոր դատախազի տեղակալը նշել է՝ եթե 2021-ին ենթամշակույթին առնչվող 14 դեպք է արձանագրվել, նախորդ տարի նման դեպքերը 25-ն են եղել: Ոլորտը վերահսկող կառույցում կարծում են՝ ոչ թե հանցագործություններն են աճել, այլ բացահայտումների ցուցանիշն է բարելավել:
Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, նշվել է, որ ներկայում դատարանի վարույթում գտնվող 33 հայցադիմումից 21-ը դատարան են ուղարկվել նախորդ տարի՝ պահանջով՝ հօգուտ պետության բռնագանձել ավելի քան անշարժ 200 և շարժական շուրջ 45 գույք, ինչպես նաև 45 ընկերությունում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարն ավելի քան 51 մլրդ դրամ է: Դատարանի վարույթում գտնվող հայցադիմումներով պահանջվող հայցագնի չափն արդեն իսկ գերազանցում է 150 մլրդ դրամը:
51 ուսումնասիրությամբ էլ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, ինչպես նաև շուրջ 100 ընկերության մասնակցություն և ավելի քան 92 միլիարդ դրամ: Նշված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք դատարանը բավարարել է և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք:
2022-ին զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է պատահարների և զանցանքների, զինվորական և այլ՝ ընդհանուր բնույթի հանցագործությունների 4.570 դեպք. 2021-ի համեմատ դրանք նվազել են 1625-ով: 1186-ով նվազել են նաև պատահարները, հանցագործությունները՝ 376-ով:
Աննա Վարդապետյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Էն ամեն ինչը, ինչ նախանշել ենք գոնե դրա 60 տոկոսը, չեմ ասում կեսը, 60 տոկոսը հասցրել ենք անել և մեզնից հետո թողել ենք ինստիտուցիոնալ մոտեցումներ, անդառնալիության կետեր դրական առումով, որոնք որ մեզ համար լռելյան, հիշողության կետեր կմնան համակարգում:
Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին տեղի է ունեցել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի և առաջին անգամ դատախազի պաշտոնը ստանձնող դատախազների երդման արարողությունը: Աննա Վարդապետյանը շնորհավորել է նրանց` նշելով՝ հեշտ չի լինելու, բայց լինելու է շատ հետաքրքիր: