COVID-19-Ի ԾԱԳՄԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն քվեարկել է COVID-19-ի ծագման վերաբերյալ հետախուզական տվյալների գաղտնազերծման օգտին։ Գաղտնազերծման պահանջը հատուկ ուշադրություն է դարձնում Չինաստանի Ուհան քաղաքում վիրուսաբանության ինստիտուտի հետ կապված տեղեկատվությանը: Փաստաթուղթը մատնանշում է պոտենցիալ կապն այնտեղ կատարված հետազոտությունների և COVID-19-ի բռնկման միջև: Օրինագիծը դեռ պետք է ուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրման համար։ ԱՄՆ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցին, նշել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ ստորագրել օրինագիծը թե ոչ:
ԼԻ ՑՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՉԺՀ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր Շանհայի կոմունիստական կուսակցության նախկին ղեկավար Լի Ցյանը երդմնակալության արարողությամբ ստանձնել է Չինաստանի վարչապետի պաշտոնը: Նրա թեկնածության օգտնի կողմ է քվերակել 3000 պատգամավոր: 63-ամյա Լի Ցյանը Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից ի վեր առաջին վարչապետն է, որը նախկինում երբեք չի ծառայել կենտրոնական կառավարությունում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետի պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է, և մեկ անձը կարող է պաշտոնավարել երկու ժամկետ։
ՊՈԴՈԼՅԱԿԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՂՐԻՄՈՒՄ ԹԵԺ ՍԵԶՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը սպառնացել է Ղրիմում թեժ սեզոն կազմակերպել։ «Ղրիմում սեզոնը շատ թեժ է լինելու, Ուկրաինան ցույց կտա, որ իրեն ոչ միայն պետք է վերաբերվել հարգանքով, այլ նաև վախենան իրենից»,- ասել է Պոդոլյակը։ Նա նաև հայտարարել է ազատության սեզոն կազմակերպելու ծրագրերի մասին: Ղրիմի շրջանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն անդրադարձել է Պոդոլյակի հայտարարությանը՝ նշելով՝ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականին Ղրիմում սպասվում է «բացառիկ բանտախուց», որտեղ կկարողանա պատասխան տալ իր սպառնալիքների համար:
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՌԻԱԴԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Իրանի ու Սաուդյան Արաբիայի պայմանավորվածությանն անդրադարձել են Վաշինգտոնից: Սպիտակ տնից ողջունել են Մերձավոր Արևելքում լարվածությունը «թուլացնելու»՝ կողմերի ջանքերը: Ջո Բայդենի գրասենյակի մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտարարել է, որ Ռիադ-Թեհրան հարաբերությունների ջերմացումը չի փոխում Վաշինգտոնի դիրքորոշումը Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ։
7 տարվա ընդմիջումից հետո, Իրանն ու Սաուդյան Արաբիան, Չինաստանի միջնորդությամբ, նախօրեին պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները։ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները խզվել են Էր Ռիադի նախաձեռնությամբ՝ 2016 թվականին: Պատճառը Թեհրանում և Մաշհադում այդ երկրի դեսպանատան և հյուպատոսության վրա հարձակումն էր, որը դատապարտել էր նաև Իրանը:
ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՃԱՎԱ ԿՂԶՈՒՄ ԺԱՅԹՔԵԼ Է ՄԵՐԱՊԻ ՀՐԱԲՈՒԽԸ
Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայթքել է Մերապի հրաբուխը՝ հայտնել են տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությունից։ Գերատեսչությունում նշել են, որ խառնարանից լավայի հոսքերը տարածվել են 1,5 կմ հեռավորության վրա: Մարդկանց արգելել են 7 կմ-ից ավելի մոտենալ հրաբխին: 2910 մ բարձրությամբ Մերապի հրաբուխն Ինդոնեզիայում համարվում է ամենաակտիվներից մեկը։ Ընդհանուր առմամբ, երկրում կա մոտ 130 հրաբուխ: