ԱՄՆ-ը արձագանքել է Իրանի ու Սաուդյան Արաբիայի պայմանավորվածությանը: Սպիտակ տնից ողջունել են Մերձավոր Արևելքում լարվածությունը «թուլացնելու» կողմերի ջանքերը:
Նախագահ Ջո Բայդենի գրասենյակի մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտարարել է, որ Ռիադ-Թեհրան հարաբերությունների ջերմացումը չի փոխում Վաշինգտոնի դիրքորոշումը Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ։
Յոթ տարվա ընդմիջումից հետո Իրանն ու Սաուդյան Արաբիան, Չինաստանի միջնորդությամբ, նախօրեին պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները։ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները խզվել են Էր Ռիադի նախաձեռնությամբ 2016 թվականին: Պատճառը Թեհրանում և Մաշհադում այդ երկրի դեսպանատան և հյուպատոսության վրա հարձակումն էր, որը դատապարտել էր նաև Իրանը: