«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին կոչ է անում թույլ տալ լրագրողներին ազատ տեղաշարժվել Լաչինի միջանցքով, որպեսզի նրանք կարողանան լուսաբանել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և դրա լուրջ մարդասիրական ազդեցությունը:
«Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի: Լաչինի միջանցքում ցույցերը կարող են լուսաբանել միայն պետական կամ իշխանամետ լրատվամիջոցների ադրբեջանցի լրագրողները։ Մի քանի անկախ տեղական լրատվամիջոցների թույլ չեն տվել անցնել անցակետերով»,- ասված է կազմակերպության հրապարակման մեջ:
Նշվում է նաև, որ 2023 թ. փետրվարի վերջին իսպանական El Periódico de España թերթի թղթակից Դավիդ Լոպես Ֆրիասն այցելել է Ադրբեջան, այցելել նաև Լաչինի միջանցք: Ադրբեջանական պետական Azertac լրատվական գործակալությունը մի քանի լեզվով հարցազրույց է հրապարակել Լոպեսի հետ, որում միտումնավոր խեղաթյուրել է լրագրողի ասածը: Այն մեջբերել է նրա խոսքերը. «Այստեղ մեքենաներն առանց խնդիրների են անցնում։ Դուք պարզապես տեսնում եք, որ մարդիկ ցույց են անում՝ պաշտպանելու բնությունը»։ Լոպեսը «Լրագրողներ առանց սահմանների»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է. «Ես ասացի ճիշտ հակառակը: Ես հստակ տեսա փակված ճանապարհ»։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ղեկավար Ժաննա Քավելիերն այս առնչությամբ նշել է. «Կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցի բացահայտած այս սուտը հերթական վկայությունն է, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են մանիպուլացնել ազգային և միջազգային հանրային կարծիքը: Նրանք ոչ միայն խախտում են 2020 թվականի հրադադարի համաձայնագիրը՝ աջակցելով այս «էկոակտիվիստներին», այլ նաև կանխում են Լաչինի միջանցքի շրջափակման և դրա սարսափելի մարդասիրական հետևանքների ցանկացած ճշգրիտ լուսաբանում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիշեցնում է Ադրբեջանի կառավարությանը և ռուս խաղաղապահներին իրենց միջազգային պարտավորությունների մասին և կոչ է անում վերականգնել լրագրողների ազատ մուտքը դեպի տարածաշրջան»:
Կազմակերպության հրապարակման մեջ նշվում է, որ այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հայտարարված նպատակը ոսկու հանքի աշխատանքների դադարեցումն է, սակայն բազմաթիվ հետաքննություններ մատնանշում են Ադրբեջանի կառավարության լիակատար մասնակցությունը շրջափակմանը։