Ահա թե ինչպես է արհեստական բանականությունն ինձ օգնում ռեպորտաժ պատրաստել. պատասխանն ավելի մանրամասն է: Հայերեն տարբերակը դեռ կատարելագործված չէ. սա ամենապարզ խնդիրներից է, որոնց լուծման համար ChatGPT-ին տարբերակներ է առաջարկում:
Կոլումբիայում, օրինակ, դատավորը, վճռի կայացման համար դիմել է արհեստական բանականության այս ծրագրի օգնությանը:
Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները օգտագործել են տվյալ մոդելը գենետիկական հիվանդությունների ախտորոշման համար: ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի քաղաքական գործիչներից մեկն էլ ChatGPT-ի օգնությամբ ելույթի տեքստն է գրել:
Իսկ BuzzFeed լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ բովանդակություն ստեղծելու համար այսուհետև կօգտագործի ChatGPT-ն և կկրճատի աշխատատեղերի մոտ 12%-ը: Բոտն արդեն ակտիվ տարածվում է նաև Հայաստանում:
Հրանտ Խաչատրյան (մեքենայական ուսուցման մասնագետ) - Հայաստանում գիտեմ որոշ մարկետինգային ընկերություններ, որոնք իրենց մարկետինգային նյութերն արդեն մեծ մասամբ հանձնարարում են ChatGPT-ին: Այդ տարբերակն են խմբագրում: Ես ևս իմ աշխատանքներում երբեմն օգտագործում եմ:
Չնայած ChatGPT-ն թողարկվել է նախորդ տարվա նոյեմբերին, սակայն հասցրել է տարածվել տասնյակ միլիոնավոր մարդկանց շրջանում: Այն լեզվական մոդել է, որը կարողանում է տեքստ ստեղծել և գեներացնել, շփվել մարդկանց հետ: Նախկին չաթբոտերի համեմատությամբ՝ նրա աշխատանքի որակն ավելի կատարելագործված է և անհամեմատ մատչելի:
Չնայած բազմաթիվ դրական հատկանիշներին՝ այն օգտագործվում է նաև զեղծարարության նպատակով։ Չաթբոտը, օրինակ, կոդ է ստեղծել, որի միջոցով մարդկանց անձնական տվյալները գողանալը բավականին հեշտ է դարձել։ Ռուսաստանում էլ մի ուսանող չատբոտի միջոցով կարճ ժամանակում գրել է դիպլոմային աշխատանքը։
Հրանտ Խաչատրյան - Կեղծ բովանդակություն ստեղծելը հեշտանում է, ինչպես նաև լավ բովանդակությունը: Այդ գործիքը տարբեր նպատակներ ունեցող մարդկանց կողմից կարող է ամենատարբեր ձևերով օգտագործվել:
Չաթբոտը ստեղծած Open AI ընկերությունը խոստացել է օգնել կրթական հաստատություններին հասկանալու՝ արդյոք սովորողները դիմե՞լ են արհեստական բանականության օգնությանը։ Որոշ երկրներում արդեն նույնիսկ արգելել են բոտի օգտագործումը՝ համարելով, որ այն անվտանգ չէ: Ամերիկացի կոնգրեսական Թեդ Լյոն էլ առաջարկել է արհեստական բանականության նոր կարգավորումներ մշակել:
Հրանտ Խաչատրյան - Մեծ է վտանգը, որ այն մասնագետները, որոնք իրենց գործում օգտագործում են ChatGPT, մրցակցության մեջ կհաղթեն այն մասնագետներին, որոնք իրենց գործում չեն օգտագործում նման տեխնոլոգիաներ: Դրա համար խորհուրդ եմ տալիս գործի մեջ օգտագործել ու հասկանալ, թե ձեր գործը ինչով կարող է արդյունավետ դարձնել:
Ու մինչև ամբողջ աշխարհը քննարկում, հիանում ու քննադատում է տեխնոլոգիական նորարարությունը, այս ամենից անմասն չեն մնում նաև հայ օգտատերերը, որոնք փորձում են չաթբոտի հետ հայերեն շփվել, դեռ այնքան էլ լավ չի ստացվում։
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան