Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար միջոցառումը մեկ վայրում է համախմբել շահագրգիռ կողմերին: Մարզահամերգայինի նախասրահում ոլորտի ամենամեծ տեխնոցուցահանդեսն է ընթանում, իսկ վերևում՝ դաշտին առնչվող ձեռքբերումներն ու խնդիրներն են քննարկում: 2022-ին ՏՏ-ն էական աճ է արձանագրել՝ 1 միլիարդ դոլարից ավելի շրջանառություն՝ 21-ի ցուցանիշը գերազանցելով 65 տոկոսով՝ ուրախությամբ փաստեց միջոցառմանը ներկա փոխվարչապետը: Տիգրան Խաչատրյանը նկատեց՝ չնայած զարգացմանն ու աշխատատեղերի աճին անցած տարին լի էր նաև մարտահրավերներով:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ փոխվարչապետ) - Գլոբալ շղթայական գործընթացների արդյունքում ՀՀ-ում գործող ընկերությունների համար ի հայտ եկան նաև դժվարություններ, որոնց դիմագրավելու նպատակով Կառավարությունը ներդրեց ոլորտային աջակցության մի շարք մեխանիզմներ, այդ թվում ՏՏ ոլորտի կազմակերպություններին և անհատ ձեռանարկատերերի պետական աջակցության տրամադրման ծրագիրը, որի միջոցով վերջիններս հնարավորությունը ստացան վերափոխելու իրենց բիզնես մոդելն ու հարմարացնելու այն նոր պայմաններին և դիմագրավելու համաշխարհային ՏՏ մարտահրավերներին:
Որ ոլորտի համար ապագան կենսունակ լինի, կարևոր է մարդկային կապիտալի զարգացումը՝ շեշտեց փոխվարչապետը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն էլ հիշեցրեց՝ Կառավարության կողմից գերակա ճանաչված ճյուղը ենթադրում է նաև տեխնոլոգական կրթության մշտական բարելավում: Բուհ-մասնավոր գործակցությամբ որակյալ մասնագետների պատրաստման ծրագիրը 2020-ից է մեկնարկել, արդյունքները Խաչատրյանը ներկայացրեց:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ ԲՏԱ նախարար) - 20-22 թվականներին ծրագրի շնորհիվ գրեթե 9000 մասնակից է եղել, և այդքան մարդ հնարավորություն է ստացել նոր հմտություններ ձեռք բերել ԲՏԱ ոլորտում, դա հնարավորություն է տալիս վերապրոֆիլավորել մի մասնագիտությունից անցնել մյուսին, և այս ծրագիրը շարունակական է:
Ինժեներական քաղաքն էլ, նախարարի գնահատմամբ, մեկ վայրում կհամախմբի ոլորտային ընկերություններին: Արդյունքում կստեղծի նոր էկոհամակարգ՝ նոր գաղափարների իրագործման համար: Ոլորտի նախկին ղեկավար, այժմ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ հիշեցրեց ամենաակնառու ձեռքբերումները: Հայաստանը թողարկեց սեփական արբանյակ, հայկական Picsart-ը դարձավ միաեղջյուր՝ 1 միլիարդ դոլարը գերազանցող արժեքով ընկերություն, տեխնոլոգիակիր ընկերությունների շարքը համալրեց միկրոչիպի մասնաճյուղով, ու սա դեռ ամենը չէ:
Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Եթե գնահատելու լինենք՝ ինչ է մեզ անհրաժեշտ, մեզ անհրաժեշտ է տարեկան միջինում նոր 7-9000 նոր ինժեներ մուտք գործող հայկական բարձր տեխնոլոգիական շուկան, որպեսզի մենք անոմալիաներ չունենանք և ունենանք առնվազն նույն կարգի աճող տեմպով արդյունաբերության ճյուղ, սա մեծ մարտահրավեր է, և էստեղ է, որ մենք պետք է մեկտեղենք մեր ուժերը՝ պատրաստելու նոր բարձրակարգ ինժեներներ, այս փոխվող աշխարհում նաև նոր գիտելիքներ ունեցող, նոր մարտահրավերնրին դիմակայող:
«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի՝ ներդրումների ներգրավման ազգային կառույցի կազմակերպած միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեպանը: Քրիստինա Քվինն իր ելույթում ընդգծեց՝ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին՝ աշխարհաքաղաքական ու տնտեսական փոփոխվող պայմաններում մարտահրավերները վերածելու նոր հնարավորությունների:
Քրիստինա Քվին (ՀՀ-ում ԱՄՆ դեսպան) - Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը երկրի տնտեսական դիմակայելիության ամրապնդման ուղիներից մեկն է: Հայաստանը, կարծես, այս ճանապարհին հաջողություններ է գրանցում, և Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի աշխատուժի զարգացմանը: Մի շարք ընկերություններ այս ոլորտում, որոնք ունեն օտարերկյա մասնակցություն՝ այդ թվում Միացյալ Նահանգների ներկայացվածությամբ, հետզհետե մեծացնում են իրենց ներկայությունը: 2022-ին նոր ընկերություններ էլ են եկել և, Հայաստանը բիզնեսի համար նպաստավոր միջավայր ձևավորելով, իր մշակած քաղաքականությամբ կարողանում են ներգրավվել ներդրումներ:
Ելույթներին հաջորդեցին պանելային քննարկումները: Երկխոսության այս հարթակը, միջոցառման կազմակերպիչների խոսքով, հնարավորություն է տալու վեր հանել առկա խնդիրները, դրանք հասցնել պետական մարմիններին՝ համատեղ լուծումներ գտնելու ու բիզնես միջավայրը բարելավելու համար: