Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված քննարկում՝ նվիրված գյուղատնտեսական հողահանդակների այրման բնապահպանական հետևանքներին։
Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ Արտակարգ իրավիճակների, Էկոնոմիկայի նախարարությունների մասնագիտական ստորաբաժանումներից, մարզպետարանների Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություններից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից և ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտից։
Ողջունելով գործընկերներին և շնորհակալություն հայտնելով քննարկման հրավերն ընունելու համար նախարարի տեղակալն անդրադարձել է գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ այդ աշխատանքներից հետո դաշտերում են խոզանների ու բուսական մնացորդների այրման բացասական հետևանքների առավել սրված խնդրին։
«Կլիմայական մարտահրավերների համատեքստում, հաշվի առնելով ընթացիկ տարվա համար կանխատեսվող չորային սեզոնը, շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսել է այս քննարկումը՝ նշված խնդիրներին համալիր և համապարփակ լուծումներ գտնելու, ինչպես նաև հրդեհների կանխարգելման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- նշել է նախարարի տեղակալը և հորդորել գործընկերներին առարկայական քննարկման միջոցով վերհանել առկա խնդիրները և դրա լուծման ուղիների շուրջ մեկ միասնական տեսլական ձևավորել։
Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը ներկայացրել է բնությանը, մարդու առողջությանը հասցվող վնասը և առանձնահատուկ անդրադարձել այրման հետևանքով հողի կրած վնասներին։
«Կրակը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, մակերևույթային շերտը քայքայվելով վերածվում է մասնիկների, որի հետևանքով հողը հեշտությամբ է ենթարկվում քամու և ջրի էրոզիայի: Հնձած արտերի այրումը նպաստում է հողում եղած շատ օգտակար նյութերի քայքայմանը, այրվում է ոչ միայն հողի վերին շերտում գտնվող օրգանական և հանքային զանգվածը, այլ նաև բույսերին պիտանի շատ այլ սննդատարրեր»,- նշել է Ոսկեհատ Գրիգորյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոլորտը կարգավորող օրենսդրությանը։ ՀՀ օրենսդրությամբ վարչական և քրեական պատիժներ են նախատեսված խոզանների, բուսական մնացորդներով և չորացած բուսականությամբ տարածքների այրման համար։
Որպես լուծման գլխավոր տարբերակ քննարկվել է հանրության պատշաճ իրազեկման հարցը, որոշում է կայացվել առավել ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները և համատեղ լայնամասշտաբ իրազեկման արշավ իրականացնել։