ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարել է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու հերթական ընդունելությունը։
Անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև մարտի 31-ը՝ ամեն աշխատանքային օր: Ընդ որում, փաստաթղթերի ընդունման գործընթացը դյուրինացնելու նպատակով նախատեսվել է, որ փաստաթղթերը՝ ծրարավորված, դիմորդները պետք է գցեն ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում տեղադրված փոստային արկղի մեջ:
Ընդունելության գրավոր քննությունը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ քննչական կոմիտեում (ք. Երևան, Մամիկոնյանց 46/5):
Գրավոր քննությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն պահանջվող փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
Գրավոր քննության հարցերը կազմված են ՀՀ քրեական իրավունքի, քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառներից։ Գրավոր քննությունից դրական (50 միավոր) գնահատական ստացած հայտատուների հետ սեղմ ժամկետում անցկացվելու է բանավոր քննություն: