ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է. ԶԱԽԱՐՈՎԱ
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիներ ենք փնտրում, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության մասնակցությամբ և ՌԴ ԱԳՆ փոխգործակցությամբ կողմերի հետ համապատասխան շփումներ են ընթանում։ Շարունակվում է Լաչինի միջանցքի և, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը:
Զախարովան նաև հերթական անգամ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության նպատակները ուղղված չեն Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը:
«Արևմուտքի ակտիվացման մեջ Մոսկվան լրացուցիչ սպառնալիք է տեսնում խաղաղության գործընթացի համար»,- հավելել է Զախարովան:
Անդրադառնալով Ստեփանակերտի մոտակայքում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիային, որի հետևանքով արցախցի ոստիկաններ էին զոհվել, Զախարովան ընդգծել է՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արդեն ներկայացրել է դեպքի մանրամասները: Արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը հստակ է՝ պետք է զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ:
Մարիա Զախարովա - Ցանկացած կողմից ռազմատենչ հռետորաբանությունը անարդյունավետ է: Բաքուն և Երևանը պետք է անշեղորեն կատարեն եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման, Լաչինի միջանցքի օգտագործման մասով: Կարծում ենք՝ այդ լարվածության թուլացմանը կնպաստեր պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի լուծումների որոնմանը:
Զախարովան շեշտել է՝ նման միջադեպերը չեն նպաստում խաղաղության օրակարգի առաջմղմանը:
ԱԼԻԵՎԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԵԱՀԿ ՄԽ-ԻՆ
Ադրբեջանի նախագահը Բաքվի 10-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ բարիդրացիական նորմալ հարաբերություններ կառուցելու հնարավորություն կա։
«Հայաստանի հետ 2022 թվականի հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար որևէ խոչընդոտ չկա»,- ասել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը, այնուհանդերձ, հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին՝ նշելով, թե իբր Հայաստանն է դանդաղեցնում կարգավորման գործընթացը: Ալիևը մեղադրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը, նրա պնդմամբ, շուրջ 30 տարվա ընթացքում ոչնչի չի կարողացել հասնել: Ադրբեջանի նախագահը նաև հերքել է պնդումները, թե ադրբեջանական ուժերը ռազմական հանցագործություններ են կատարել:
ԲՌՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉԿԱ. ԿԼԱԱՐ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Արցախում վերջին զարգացումների վերաբերյալ:
«Խիստ անհանգստացած եմ մահերի հանգեցրած վերջին բախման և փոխհրաձգության մասին նոր հաղորդումներից: Բռնությանն արդարացում չկա. բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։ Տարածաշրջանը բավական տուժել է ռազմական գործողություններից»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է Կլաարը։
Նա կոչ է արել միասին աշխատել՝ հանուն հարատև ու արդար խաղաղության:
ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ. ՇԵՐՄԱՆ
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ կոչ է արել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակչությանն ուղղակի օգնություն ցուցաբերել:
«Նրանք մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, հուսով եմ՝ մեծահոգություն կդրսևորեք և օգնություն կտրամադրեք»,- դիմել է Շերմանը կոնգրեսականներին։
Նա նշել է, որ հայերը հազարամյակներ շարունակ ապրել են Արցախում, որը Իոսիֆ Ստալինը չարամտորեն դարձրել է Ադրբեջանի, այլ ոչ Հայաստանի մաս: Շերմանը հավելել է՝ տարածաշրջանում սարսափելի հակամարտությունը հենց այդ որոշման հետևանքն է։