ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՕՐԻՆԱԳԾԻՆ
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ դեմ են քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծին։
Խորհրդարանում քվեարկությանը զուգահեռ օրենսդիրի շենքի դիմաց տասնյակ ցուցարարներ են հավաքվել, նրանք ծափերով ողջունել են օրինագծի չեղարկումը, որը մարտի 7-ից զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձել։ Լրատվամիջոցների տվյալով՝ Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց տեղադրված պատնեշներն ապամոնտաժվել են։
Արևմուտքը ողջունել է Վրաստանի իշխանությունները որոշումը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նշել է՝ օտարերկրյա գործակալների օրինագիծն անհամատեղելի է Թբիլիսիի եվրաինտեգրման գործընթացների հետ։
Ռուսական կողմն էլ է անդրադարձել Վրաստանում զարգացումներին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է՝ ոմանք ջանասիրաբար փորձում են հակառուսական տարրեր ավելացնել Վրաստանում ստեղծված իրավիճակին։
«Ռուսաստանը որևէ կապ չունի այդ ամենի հետ»,- հավատացրել է Պեսկովը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ կարծիք է հայտնել, որ Վրաստանում զարգացումները «թելադրված» են դրսից: Նրա խոսքով՝ նպատակը Ռուսաստանի սահմանների մոտ լարվածություն ստեղծելն է:
«Կարծում եմ՝ Ռուսաստանի շուրջ գտնվող բոլոր երկրները պետք է հետևություններ անեն, հասկանան՝ որքան վտանգավոր է ԱՄՆ-ի շահերի գոտում հայտնվելը»,- ասել է Լավրովը։
ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԲԱՔՎԻ ԿՐԿԵՍԻ ՄՈՏ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվի պետական կրկեսի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժել է 3 մարդ, նրանցից մեկը ուսանող է։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն: ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ընթանում է քննություն։
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելին։ Կողմերն ընդգծել են երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման դինամիկան, քննարկել երկկողմ գործակցության հեռանկարները: Գամլիելը և Ալիևը կարևորել են Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը: Անդրադարձ է եղել նաև այս տարվա փետրվարին Մյունխենում Ալիևի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հանդիպմանը։
ԻՍՐԱՅԵԼՆ ԻՐԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՍՏԱՆԱԼ. ԳԱԼԱՆՏ
Միջուկային զենք ունենալու Իրանի ձգտումները ստիպում են Իսրայելին պատրաստ լինել ցանկացած գործողության` հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը`ամփոփելով ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպման արդյունքները:
Նա զգուշացրել է՝ Իսրայելն Իրանին թույլ չի տա զանգվածային ոչնչացման զենք ստանալ, որը կսպառնա հրեական պետությանը: Գալանտի խոսքով՝ այդ հարցում ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է համատեղ ջանքեր գործադրեն: «Եթե Թեհրանը նման զենքի հասանելիություն ունենա, դա կարող է հանգեցնել տարածաշրջանային անկայունության»,- ասել է իսրայելցի պաշտոնյան:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը շեշտել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարաբերությունները հիմնված են ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա: Նա համոզմունք է հայտնել, որ Իրանի գործողությունները և Թեհրան-Մոսկվա գործակցությունը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար:
ՍԻՐԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ ԴԺՎԱՐ ՕՐԵՐԻ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սիրիայում է, որտեղ երկրաշարժից տուժած շրջաններ այցելելուց հետո հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի և իր գործընկեր Ֆեյսալ ալ Միկդադի հետ։ Արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սիրիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Բաշար ալ Ասադը և Ամիր Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային բոլոր զարգացումները: Նշել, որ այդ հարցերում երկու երկրի դիրքորոշումները համընկնում են:
Աբդոլլահիանը, իր հերթին, Սիրիային և Իրանին անվանել է դժվար օրերի ընկերներ՝ հավելելով, որ Թեհրանը ողջունում է վերջին շրջանում Սիրիայի և տարածաշրջանային երկրների միջև հարաբերությունների վերականգնման դրական տեղաշարժը։
Աբդոլլահիանը շեշտել է՝ Թեհրանը ողջունում է նաև առաջիկայում սպասվող Իրանի, Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի քառակողմ հանդիպումը, ինչը կարող է նպաստել տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարմանը։
ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՆ ՎԵՐՍԿՍԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Ֆինլանդիան և Շվեդիան վերսկսել են ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով Թուրքիայի հետ քննարկումները: Անկարայի, Հելսինկիի և Ստոկհոլմի ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում՝ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի մասնակցությամբ։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է՝ իր երկիրն ակնկալում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կկատարեն ահաբեկչության դեմ պայքարում Անկարայի պահանջները։
«Այդ երկրները որոշակի քայլեր են ձեռնարկել, որոնք մեզ գոհացնում են, սակայն դեռ անելիքներ կան»,- ասել է թուրք պաշտոնյան:
Բրյուսելյան բանակցություններից հետո Շվեդիայի ներկայացուցիչ Օսկար Ստենստրյոմը հայտարարել է, որ քննարկումները կշարունակվեն: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիմումների վավերացման հարցում արդեն որոշակի առաջընթաց կա։
Ստենստրյոմը նաև հավելել է, որ Շվեդիայի անդամակցության հայտը Թուրքիան դժվար թե վավերացնի մինչև 2023 թվականին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրություններ։
ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ
Լեհ զինվորականները սկսել են հակատանկային «ոզնիներ» տեղադրել Բելառուսի հետ սահմանին՝ տեղեկացրել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
Նա հիշեցրել է, որ փետրվարին էլ մեկնարկել էր Կալինինգրադի հետ սահմանին անվտանգության կառույցների շինարարությունը: «Սա մեր պաշտպանության և զսպման ռազմավարության մի մասն է»,- ընդգծել է պաշտոնյան։
Բելառուսական կողմն արձագանքել է Վարշավայի կողմից սահմաններին պաշտպանական ենթակառուցվածքների կառուցմանը: Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելառուսի հետ սահմանին Լեհաստանի կառուցած ցանկապատը սպառնում է եվրոպական զուբրերի պոպուլյացիային։