Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ: Ակտիվ բանակցություններն ընթացքի մեջ են, Էկոնոմիկայի նախարարությունում ասում են՝ զրոյական մաքսատուրքով ապրանքներ ներմուծել-արտահանելու համար քննարկվում է ամեն դետալ: Իրանը գրավիչ շուկա է հնգյակի պետությունների համար՝ նշում է փոխնախարարը:
Նարեկ Տերյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Իրանը մեծ շուկա է, որը շատ բարձր ու մեծ պոտենցիալ ունի, էն ապրանքները, որ կարող են ԵԱՏՄ ոչ միայն Հայաստանից, այլևս մյուս երկրներից արտահանվեն դեպի Իրան և հակառակ ուղղությամբ:
Նոր համաձայնագիրը լինելու է երկրորդը, առաջինը 2019-ին է ստորագրվել: Եռամյա փաստաթուղթը, որի ժամկետն ավարտվեց 22-ի հոկտեմբերին, 70 տոկոսով ավելացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները: Եղած ներուժը մեծ է, մաքսային միության անդամ երկրներն էլ ոգևորված են նորը հնարավորինս շուտ ստորագրելու հարցում՝ նկատում է փոխնախարարը: Փակագծերը շատ չբացելով՝ ասում է՝ այժմ քննարկում են զգայուն ապրանքների ցանկը, որ զրոյական մաքսատուրքը ներքին շուկայի պաշտպանվածությունը չխաթարի, տեղական արտադրողին չվնասի:
Նարեկ Տերյան - Հայկական կողմը կողմ է ազատայնությանը ապրանքների, բայց կան ոլորտներ, որոնք մեր համար զգայում են, և կան ապրանքներ, որոնք Հայաստանի համար զգայուն են:
Նախորդ եռամյա համաձայնագրում ԵԱՏՄ-ից 520-ից ավելի անուն ապրանք էր ներառվել, Իրանից՝ 360-ի հասնող: Նոր համաձայնագրով ցանկը ընդլայնվելու է: 21-ի տվյալով էլ՝ ամենամեծ շրջանառությունը Իսլամական Հանրապետությունն ունեցել է Ռուսաստանի հետ՝ 2 միլիարդ 241 միլիոն դոլար, ապա Հայաստանն է՝ 503.5 միլիոն դոլարով, եռյակը եզրափակում է Ղազախստանը՝ 265 միլիոնով: Հնգյակից նվազ առևտրաշրջանառությամբ են աչքի ընկել Ղրղզստանը՝ 82 ու Բելառուսը՝ 26.6 միլիոն դոլարով:
Նարեկ Տերյան - Իրանական կողմը կարող է առաջարկել ԵԱՏՄ երկրներին, օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքներ, տարբեր պոլիմերներ, տարբեր արդյունաբերական ապրանքներ: Հիմա իրանք շատ ինտենսիվ սկսել են աշխատել իրանց մեքենաշինության ոլորտում և մեծ պատվերներ ունեն դեպի ռուսական շուկան:
Իրան- ԵԱՏՄ առաջին համաձայնագիրն իրականություն էր դարձել նաև Հայաստանի ջանքերով, նախաձեռնությունը Երևանինն էր՝ նշում է Տերյանը: Լինելով Իրանին սահմանակից միակ ԵԱՏՄ պետությունը՝ Հայաստանը, փոխնախարարի համոզմամբ, մեծ պոտենցիալ ունի: Հայաստան-Իրան տնտեսական կապերի թվային պատկերի աճը ձևավորվել է նաև համաձայնագրի շնորհիվ:
Նարեկ Տերյան - 22 թվին մենք տեսնում ենք առևտրաշրջանառության բավական մեծ աճ, ես նկատի ունեմ, Հայաստան-Իրան մոտ 40 տոկոս աճ ենք արձանագրել, և առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 710 միլիոն ԱՄՆ դոլար, և ստեղ կարևոր է նշել, որ մոտ 60 տոկոսով աճել է մեր արտահանումը դեպի Իրան: Դա նշանակում է, որ մեր տնտեսվարողները տեսնում են պոտենցիալ իրանական շուկայում և ավելի ակտիվ են սկսել աշխատել Իրանի հետ:
Երկաթ, ծխախոտ, շոկոլադ՝ սա Հայաստանից Իրան արտահանվող ապրանքների մի մասն է, հակառակ ուղղությամբ էլ հիմնականում նավթամթերք է բերվում: Տերյանի խոսքով՝ տնտեսական կապերը զարգացնելու համար 21-ից ակտիվ աշխատում է նաև Իրանում Հայաստանի առևտրային կցորդը: Առաջիկայում էլ Երևանին մոտ կբացվի իրանական առևտրային կենտրոն, Թեհրանում հայկականն ունենալու համար էլ այժմ տեղանքի բանակցություններ են ընթանում: Այսպես ասած մշտական էսքպո ցուցադրությունները, պատասխանատուի գնահատմամբ, կնպաստեն բիզես միջավայրի աշխուժացմանն ու փոխադարձ կապերի հաստատմանը: