ՌԴ-Ն ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական կողմը, ի պատասխան վերջերս Բրյանսկի մարզում ահաբեկչական հարձակումների, զանգվածային «հատուցման հարված» է հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող թիրախներին:
Կոնաշենկովը պնդել է, որ մարտի 2-ին Բրյանսկ դիվերսիոն խմբի ներխուժումը, ինչի հետևանքով Ռուսաստանի քաղաքացիներ են զոհվել, հենց ուկրաինական իշխանությունների ձեռքի գործն էր:
«Կինժալ» հիպերձայնային հրթիռային համակարգը հարվածել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի առանցքային օբյեկտներին, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև դրանց գործունեությունն ապահովող էներգետիկ օբյեկտներին»,- ասել է պաշտոնյան։
Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է ռուսական հրթիռային հարվածներին, տեղեկացրել՝ Ուկրաինայի ուղղությամբ 81 հրթիռ է արձակվել: Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով տուժել են ենթակառուցվածքային կարևոր օբյեկտներ, բնակելի շենքեր երկրի ողջ տարածքում, խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և վիրավորներ, շատ քաղաքներ մնացել են առանց էլեկտրականության:
ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ
Թուրքիան բանակցություններ է վարում ՄԱԿ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հացահատիկի գործարքի երկարաձգման հարցով, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Ուկրաինան և Ռուսաստանը դրական են տրամադրված համաձայնագրի երկարաձգման հարցում»,- հայտնել է թուրք նախարարը:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կիևում բանակցություններ էր վարել Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Կողմերը կարևորել էին Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքի երկարաձգման անհրաժեշտությունը և ընդգծել համաշխարհային պարենային անվտանգության համար դրա կարևորությունը։ Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է մարտի 18-ին:
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԿՈՂՄ Է ՇՎԵԴԻԱՅԻ, ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԱՏՕ-ԻՆ
Հունգարիայի կառավարությունը սատարում է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և նրանց դաշնակիցներ է համարում, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Կրիշտոֆ Սալայ-Բոբրովնիցկին Ստոկհոլմում ֆինլանդացի ու շվեդ գործընկերների հետ հանդիպման ժամանակ: Նա հավաստիացրել է, որ Հունգարիայի կառավարությունն ի սկզբանե աջակցել է սկանդինավյան երկու երկրի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:
Ներկայումս ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի և Հելսինկիի անդամակցության հարցը քննարկման փուլում է: Մինչ այժմ դաշինքի բոլոր երկրները, բացի Թուրքիայից և Հունգարիայից, արդեն հավանություն են տվել Ֆինլանդիայի և Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրման կուրսին:
ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մեկնել է Իսրայել: Նա նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի սերտորեն աշխատել Իսրայելի հետ՝ ամրապնդելու տարածաշրջանային կայունությունը և հակազդելու ընդհանուր սպառնալիքներին: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը հանդիպումներ էր անցկացրել նաև Իրաքում և Եգիպտոսում:
Լրատվամիջոցները գրում են, որ Օսթինը Իսրայելում է, երբ երկրում զանգվածային ցույցեր են, քաղաքացիները բողոքում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականության, մասնավորապես՝ դատաիրավական փոփոխությունների դեմ, որոնք ենթադրում են Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության հարցում կաբինետի վերահսկողության հաստատում։ ԶԼՄ-ների տվյալով՝ ամերիկացի քաղաքական գործչի վայրէջքից առաջ ցուցարարները փակել են «Բեն Գուրիոն» օդանավակայանի մուտքերը: