Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ Գորիսում հանդիպել է առաջին անգամ Սյունիք այցելած՝ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի հետ:
Մարզպետը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնել այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ դա շատ կարևոր է մարզի բնակչության համար։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ղուկասյանին նախորդ օրը
դեպի Բերձորի միջանցք այցի ընթացքում իրեն միանալու համար։
Քրիստինա Քվինն ասել է նաև, որ իր համար շատ օգտակար էր Սյունիքում գտնվելու օրերին սովորական քաղաքացիների հետ խոսելը, որոնք իրեն պատմել են պատերազմից հետո այստեղ ապրելիս իրենց զգացողությունների ու հատկապես 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ապագայի հանդեպ ունեցած անվտանգային մտահոգությունների մասին։
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից ու 2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիայից հետո մարզում ստեղծված իրավիճակն ու պատասխանել դրա վերաբերյալ դեսպան Քվինի հարցերին։
Զրուցակիցները քննարկել են նաև թեմաներ, որոնք վերաբերում էին Սյունիքում վերաբնակեցված արցախցիներին, մարզի սահմանային բնակավայրերում պատերազմից հետո ապրող մարդկանց խնդիրներին, այս համատեքստում առաջ եկած սոցիալական, անվտանգային, տնտեսական հարցերին։
Դեսպանը հետաքրքրվել է մարզային իշխանության հետագա անելիքներով ու ծրագրերով՝ ուղղված նոր իրավիճակում բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ու մարզի դիմակայունության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից (USAID) Սյունիքում իրականացված ծրագրերին ևս։