Տեղյակ եք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո հանրապետություն տեղափոխվող հումանիտար բեռները հասնում են մեծ դժվարությամբ և խիստ սահմանափակ ծավալով: Սակայն անհրաժեշտ դեղորայքի, պարենի, առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումն ու մեր ազգաբնակչության պահանջները բավարարելու համար աշխատանքների կազմակերպման ընթացքում շարունակում են գտնվել մարդիկ, ովքեր առիթ են գտնում պետության ու քաղաքացու հաշվին հարստանալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Երեկ հերթական ամոթալի դեպքն է արձանագրվել:
Ինչպես և նշել եմ, հարցը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է, և յուրաքանչյուր նման արարք արժանանալու է համարժեք գնահատականի ու արձագանքի:
Նման անպատասխանատու և ամոթալի արարքները շարունակելու դեպքում իրականացվելու են հանրայնացման ավելի ընդգրկուն աշխատանքներ. մենք պետք է բարձրաձայնենք շրջափակված ու կարիքի մեջ գտնվող ժողովրդի հաշվին հարստանալու փորձերը և դեպքերը»,- գրել է Արցախի պետնախարարը: