ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է Վրաստանից ներմուծումները` որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ ձևակերպելու բազմաթիվ դեպքեր:
Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022 թթ. ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել և ներմուծվել Վրաստանից:
Ամիսներ շարունակ ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջ կողմից մշակվել և իրագործվել է հանցավոր սխեմա: Արդյունքում՝ ընկերությունները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:
Մասնավորապես, տրանսպորտային միջոցը դատարկ վիճակում հատել է հայ-վրացական սահմանը, հետո՝ վրաց-ռուսական սահմանը, այնուհետև վերադարձել է ու նորից դատարկ վիճակում հատել ռուս-վրացական սահմանը: ՌԴ-ում կազմվել է ՌԴ ռեզիդենտից ապրանքների ձեռքբերման կեղծ հաշիվ-ապրանքագիր և տարանցիկ հայտարարագիր: Տրանսպորտային միջոցն այդ հայտարարագրով հատել է ՌԴ «Վերին Լարսի» սահմանային անցակետը, սակայն Վրաստանի «Կազբեգի» սահմանային անցակետում չի ներկայացրել ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրը և տարանցիկ հայտարարագիրը ու փաստացի Վրաստան է մուտք գործել դատարկ վիճակում: Այնուհետև Վրաստանում ֆիզիկական անձանց ու տրանսպորտային միջոցների վարորդների անուններով ձեռք են բերվել ապրանքներ, որոնք բեռնվել են տրանսպորտային միջոց: Նշված ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցը հատել է Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետը` ձևակերպվելով արտահանում Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն, սակայն հասնելով Հայաստանի «Բագրատաշենի» սահմանային անցակետ` Հայաստանի մաքսային մարմնին ներկայացվել է ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրն ու տարանցիկ հայտարարագիրը:
Նախորոք իմանալով Վրաստանում ձեռք բերվող ապրանքների տեսականին և քանակները` ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագրում և տարանցիկ հայտարարագրում նշվել են ձեռք բերվող ապրանքների իրական տեսականին և քանակները, իսկ ապրանքների գները նշվել են մի քանի անգամ ցածր գնով:
Նկարագրված եղանակով շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների կողմից 2020-2022 թթ. ընթացքում 72 դեպքով փաստացի Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել «Կինդեր ձվիկ» կոնֆետներ, մաստակներ, տնտեսական և այլ ապրանքներ, որոնք փաստաթղթերով ձևակերպվել են որպես ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ներմուծումներ:
Միաժամանակ օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջը պատկանող ընկերություններից մեկը նկարագրված սխեմայով պատրաստվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ապրանքներ: Բեռը ներմուծող տրանսպորտային միջոցը հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո մուտք է գործել «Բագրատաշենի» սահմանային անցակետ: Վարորդի մոտից հայտնաբերվել են ներմուծված ապրանքների արտահանման փաստաթղթերը և նամակ, որով ՌԴ ապրանք մատակարարողը հայտնել է, որ իբրև սխալմամբ է ապրանքն ուղարկել Հայաստանի Հանրապետություն և պահանջել բեռը հետ վերադարձնել: Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել է ներմուծված բեռի արտահանումը Ռուսաստան: Փաստացի հետազոտմամբ պարզվել է նաև, որ ներմուծված ապրանքների մակնշումները թուրքերեն լեզվով են:
Կազմված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Առերևույթ հանցագործության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Երևան քաղաքում գտնվող մաքսային տերմինալ:
ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է՝ փաստացի երրորդ երկրներից ներմուծումները չձևակերպել որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ:
Նմանօրինակ դեպքերը բացահայտելու համար ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում իրականացվում են ամենօրյա հսկողական աշխատանքներ՝ նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու նպատակով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։