Հայաստանում կարմրուկի վերջին դեպքերի գրանցվելուց առաջ, եթե, օրինակ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» պոլիկլինիկայում սուր վարակիչ այդ հիվանդության դեմ օրական միջինը 3-4 պատվաստում էին անում, հիմա այդ թիվը հասնում է 38-ի: Հիմնականում՝ երեխաներ:
Հռիփսիմե Մովսիսյան («Սուրբ Աստվածամայր» պոլիկլինիկայի տնօրեն) -
Մոտավոր քանակով 200 անձ արդեն պատվաստվել է: Տարբեր տարիքային խմբերի: Ունենք 2 տարեկաններ, ունենք 4-7 տարեկաններ, ունենք 7-18 տարեկան պատվաստվածներ:
Նրանց մեծ մասի ծնողները ժամանակին հատուկ գրությամբ հրաժարվել են պատվաստել երեխաներին: Հիմա գրությունների թղթապանակը բացվում է ոչ թե նոր հրաժարումների, այլ նախկին որոշումը փոխելու պատճառով:
Տնօրենը կարծում է՝ ի տարբերություն քովիդի, այս դեպքում գործ ունենք ոչ թե պատվաստանյութի նկատմամբ անվստահության հետ, այլ կարմրուկի եզակի դեպքերի պատճառով է, որ թուլացրել է զգոնությունը, ու պատվաստումը համարվում է անտեղի: Բայց, ընդգծում է՝ հիվանդությունը նահանջում է հենց պատվաստումների շնորհիվ, և դա երբևէ չի առաջարկվում առանց անհրաժեշտության: Իր ղեկավարած հաստատության օրինակով նշում է, որ եթե տարիներ առաջ պատվաստումային տարիքի անձանց 98 տոկոսը ստանում էր անհրաժեշտ դեղաչափը, աստիճաբանաբար ծածկույթը սկսել է նվազել՝ հասնելով մինչև 90-92 տոկոսի: Ի դեպ, այս պոլիկլինիկայի շահառու երեխաներից մեկը կարմրուկով վարակված և հոսպիտալացվածների թվում է: Նրա հետ շփված անձինք նույնպես կանխարգելիչ պատվաստվում են ստացել:
Հռիփսիմե Մովսիսյան - Հայրիկը, մայրիկը, մորական տատիկը-պապիկը: Հորական տատիկը եղել է 55 տարեկանից բարձր անձ, որին չի թույլատրվում պատվաստում կատարել, որովհետև պատվաստումների հրամանի մեջ նշված է, որ մինչև 55 տարեկանը կարող են պատվաստվել:
Մարտի 10-ի դրությամբ՝ կարմրուկով վարակվելու 46 դեպք է հաստատվել: Առաջին դեպքը մարտի 4-ին էր:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն) - 30 դեպքը երեխա են, իսկ 16-ը՝ մեծահասակներ: Դեպքեր ունենք գերազանցապես Երևանում, նաև մարզերում են գրանցվել, որոնք բոլորը համաճարակաբանորեն կապված են նույն օջախի հետ:
Այսօրվա դրությամբ հոսպիտալացված են վարակվածներից 15-ը, 17-ը արդեն դուրս են գրվել, մյուսներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել: Վարակակիրներից 43-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված են մեկ դեղաչափով:
Գայանե Սահակյան - Բավականին կայուն է արտաքին միջավայրում վիրուսը և բավականին կոնտագյոզ է, այսինքն՝ մեր իմացած բոլոր վարակիչ հիվանդություններից իր վարակելիությամբ առաջին հիվանդությունն է: Մեկ հիվանդ մարդը կարող է վարակել 18-20 մարդու:
Այդուհանդերձ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը նշում է՝ կասկածելի դեպքերի լաբորատոր հաստատումները աստիճանաբար նվազում են:
Գայանե Սահակյան - Բոլոր դեպքերում մենք ունենք որոշակի փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ կկարողանանք վերահսկել իրավիճակը և տեղայնացնել:
Մարտի 4-ից հետո կարմրուկի դեմ իրականացվել է ընդհանուր առմամբ մոտ 3100 պատվաստում, այդ թվում՝ 300 բուժաշխատող, 300 կոնտակտավոր:
Հեղինակ՝ Աննա Զախարյան