ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վրաստանի իրադրությանը և այն հարցին, թե արդյոք ԱՄՆ իշխանությունը վստահում է «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը, արդյոք վերջին իրադարձությունները չեն վնասել վրաց-ամերիկյան հարաբերությունները:
«Վրաց ժողովուրդը մեկ անգամ ևս հստակ հայտարարեց, որ Վրաստանի միակ ընտրությունը անվտանգ և բարգավաճ եվրոպական ապագան է: Մենք, չնայած ողջունում ենք «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի նախագիծը հետ կանչելու որոշումը, բայց և կոչ ենք անում իշխող կուսակցությանը պաշտոնապես չեղարկել այս օրինագիծը և այլևս չներկայացնել այդ տեսակի օրենսդրություն, քանի որ այն անհամատեղելի է վրացական և եվրատլանտյան արժեքներին ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Մենք խրախուսում ենք Վրաստանի քաղաքական առաջնորդներին լրջորեն աշխատել այն բարեփոխումների ուղղությամբ, որոնք հրատապ անհրաժեշտ են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, ինչը ցանկանում է Վրաստանի քաղաքացիների մեծ մասը:
Ի վերջո, վրաց ժողովուրդը ոչ միայն վերջին մի քանի շաբաթվա, այլև արդեն մի քանի տասնամյակների ընթացքում շատ պարզ հասկացրել է, որ ձգտում է ժողովրդավարական Վրաստանի, որը բարգավաճ է և ինտեգրված է եվրատլանտյան տարածաշրջանին։ Նրանք դա նորից հաստատեցին, և Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել այդ ձգտումներին»,- ասել է Փրայսը: