Մարտի 8-ին և 9-ին Երևանում անցկացվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Կանայք մրցել են Հրանտ Շահինյանի, իսկ տղամարդիկ՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 4 ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի առաջնությունում՝ հաղթող ճանաչվելով բազմամարտի, հենացատկի, զուգափայտի և պտտաձողի վարժություններում:
Օղակների վարժության վրա հավասարը չի ունեցել Վահագն Դավթյանը (14.566), նժույգթափեր վարժությունում ոսկե մեդալին արժանացել է Գագիկ Խաչիկյանը (14.466), իսկ տղամարդկանց ազատ վարժությունների Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է երիտասարդների Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Համլետ Մանուկյանը: Առաջնությունը վնասվածքի պատճառով բաց է թողել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը:
Կանանց պայքարում հաղթող են ճանաչվել Աննա Մանթաշյանը (ազատ վարժություն, ազատ վարժություն, հավասարակշռության գերան) և Մանե Պողոսյանը (հենացատկ):
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն առաջնության արդյունքները բավարար է համարում՝ առանձնացնելով նաև երիտասարդների գրանցած ցուցանիշները:
«Մեծահասակների հետ հավասար պայքարում էին երիտասարդները. նրանց արդյունքները շատ են ուրախացնում: Երիտասարդ մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը, Էրիկ Բաղդասարյանը և Մամիկոն Խաչատրյանը կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Արդեն ժամանակն է, որ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հանդես գանք թիմով: Ամեն ինչ տանում է դրան: Հաշվի առնելով մեր արդյունքները, նաև այն, որ շուտով կունենանք նոր դահլիճներ, մարզագույք, ամեն ինչ պետք է անենք, որ լինենք թիմային պայքարում և խոշոր մրցաշարերում ներկայանանք թիմով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հակոբ Սերոբյանը:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը մարտի 11-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսիում, որից հետո կմասնակցի Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հայաստանի առաջնությունից հետո մեծահասակները կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը, որը դարձյալ կանցկացվի Թուրքիայում: