ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է Համաշխարհային բանկի կազմակերպած «Դատական համակարգում կին դատավորների ներկայացվածությունը» թեմայով միջոցառմանը: Ողջունելով մասնակիցներին Լևոն Բալյանն իր երախտագիտությունն է հայտնել Համաշխարհային բանկին՝ այս միջոցառումն իրականացնելու համար:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այսօր Կառավարությունն ու համապատասխան շահագրգիռ մարմինները մեծապես կարևորում են Հայաստանի դատական համակարգի բարեփոխումները, այդ թվում՝ գենդերային առումով ավելի հավասարակշռված դատական համակարգ ունենալու հարցերը, ինչպես նաև՝ կին դատավորների մուտքի և առաջխաղացման հետ կապված հնարավոր խոչընդոտներն ու դատական համակարգում նրանց ներկայացվածության հնարավորությունները:
Լևոն Բալյանն արձանագրել է, որ 2018 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ սահմանվել են դատական համակարգի նոր քվոտաներ: Նախարարի տեղակալը նշել է, որ այժմ դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս կարևորվում է գենդերային հավասարակշռությունը: Լևոն Բալյանն ընդգծել է, որ ներկայումս Բարձրագույն դատական խորհրդի անդամներից 4-ը կանայք են: Վճռաբեկ դատարանի նախագահը ևս կին է:
Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել նաև, որ Հայաստանն այսօր չունի որևէ իրավական խոչընդոտներ հասարակության մեջ կանանց դերի և մասնակցության առումով։ Նախարարի տեղակալը նշել է նաև, որ գենդերային ռազմավարությունը ՀՀ Կառավարության առաջիկա առանցքային ուղղություններից է և գտնվում է, ինչպես քաղաքականության մշակման, այնպես էլ իրավական բարեփոխումների ուշադրության կենտրոնում: Լևոն Բալյանի խոսքով՝ կանանց ներկայացվածությունն աճել է որոշումներ կայացնող ոլորտներում, և այս առումով պետք է արձանագրել, որ օբյեկտիվորեն այս խնդիրներին տրվել են որոշակի լուծումներ:
Նախարարի տեղակալը, եզրափակելով խոսքը, կրկին համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հաստատման, օրենքի լիարժեք գերակայության հասնելու համար առաջնային նշանակություն ունի դատական իշխանության բոլոր մակարդակներում և դատական խորհուրդներում ապահովել կին դատավորների ներկայացվածությունը: