Լատվիայի իշխանությունները հարբած վարորդներից առգրավված մեքենաների առաջին խմբաքանակն ուղարկել են Ուկրաինա, որտեղ մեքենաները կհանձնեն բանակային ստորաբաժանումներին և բժիշկներին, գրում է Euronews-ը։
Երկու ամսում 200 մեքենա են առգրավել այն վարորդներից, որոնց արյան մեջ ոստիկանները 0,15%-ից ավելի ալկոհոլի պարունակություն են հայտնաբերել ստուգումների ժամանակ։ Ավելի վաղ Բալթյան այս հանրապետության Սեյմը օրենք էր ընդունել Ուկրաինայի խաղաղ բնակչությանն աջակցելու մասին, որը թույլ է տալիս առգրավված մեքենաները տեղափոխել Կիև։
Լատվիայի պետական եկամուտների ծառայությունը հաստատել է, որ առաջին ութ մեքենաները, «որոնք նախկին սեփականատերերն այլևս չեն վարի», քանի որ ձերբակալվել են ոչ սթափ վիճակում և հրաժարվել են հետազոտվելուց, փոխանցվել են Agentum ասոցիացիային։ Կազմակերպությունը զբաղվում է նվիրատվությունների հավաքագրմամբ և Ուկրաինա տրանսպորտային միջոցների առաքմամբ՝ ամենագնացներ, շտապօգնության մեքենաներ և այլն: