Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, որի դեմ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն երեք օր: Ավելի վաղ իշխող ուժը հայտարարել էր օրինագծի հետկանչման որոշման մասին, ինչը, սակայն, ընդդիմությանը չէր բավարարել: Երեկ և այսօր ցույցերը խաղաղ են անցել:
Երկրի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մարտի 7-ի և 8-ի բազմահազարանոց ցույցերի ժամանակ բերման ենթարկված 100-ից ավելի քաղաքացու բաց են թողել: Սակայն խորհրդարանի շենքի դիմաց բռնություն գործադրելու մասով քրեական գործերի հետաքննությունը շարունակվում է:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրինագծերը խորհրդարանից հետ կանչելու՝ իշխանությունների որոշումը հասարակության հաղթանակ է անվանել։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը ողջունել է օրինագիծը հետ կանչելու որոշումը: Նրա խոսքով՝ նմանատիպ նախաձեռնությունները անհամատեղելի են վրացական և եվրատլանտյան արժեքների հետ։
4.7 ՄԱԳՆԻՏՈՒԴ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայում՝ Կայսերի քաղաքից ոչ հեռու, 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Երկրի բնապահպանության և քաղաքաշինության նախարարը նշել է, որ Թուրքիայի տարածքի ավելի քան 70 տոկոսը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում, այդ թվում՝ Ստամբուլը։ Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ մտադիր են հինգ տարվա ընթացքում վերաբնակեցնել Ստամբուլի ոչ սեյսմակայուն կացարաններում բնակվող մեկուկես միլիոն բնակչի:
Ավելի վաղ ՄԱԿ-ը գնահատել էր Թուրքիային երկրաշարժերի հասցրած տնտեսական վնասը՝ այն կգերազանցի 100 միլիարդ դոլարը։
ՍԻ ԾԻՆՓԻՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Սի Ծինփինը հնգամյա ժամկետով վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում։ Նա Չինաստանի առաջին ղեկավարն է, որը վերընտրվում է երրորդ անգամ: Քվեարկությունը գաղտնի է անցկացվել, Սի Ծինփինի օգտին քվեարկել է երկրի Ազգային ժողովի 2952 անդամ՝ միաձայն։ Սի Ծինփինը վերընտրվել է նաև Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի ղեկավարի պաշտոնում։ Նա երկիրը ղեկավարում է 2013 թվականից:
ՄԱՀԱՊԱՏԻԺ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՆՈՐ ՕՐԵՆՔ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ծայրահեղականության և հակապետական գործունեության համար քրեական պատասխանատվության խստացման մասին օրենքը, որով պետական դավաճանության համար մահապատիժ է նախատեսվում։ Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ այդ դրույթը վերաբերում է պաշտոնատար կամ զինծառայողի կարգավիճակ ունեցող անձանց:
Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև ահաբեկչության քարոզի, զինված ուժերի վարկաբեկման, ինչպես նաև պետական գաղտնիքի պաշտպանության պահանջները խախտելու համար։
ԻՍՐԱՅԵԼՆ ԻՐԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՍՏԱՆԱԼ. ԳԱԼԱՆՏ
Միջուկային զենք ունենալու Իրանի ձգտումները ստիպում են Իսրայելին պատրաստ լինել ցանկացած գործողության՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը` ամփոփելով ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպման արդյունքները:
Նա զգուշացրել է՝ Իսրայելն Իրանին թույլ չի տա զանգվածային ոչնչացման զենք ստանալ, որը կսպառնա հրեական պետությանը: Գալանտի խոսքով՝ այդ հարցում ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է համատեղ ջանքեր գործադրեն: «Եթե Թեհրանը նման զենքի հասանելիություն ունենա, դա կարող է հանգեցնել տարածաշրջանային անկայունության»,- ասել է իսրայելցի պաշտոնյան:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը շեշտել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարաբերությունները հիմնված են ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա: Նա համոզմունք է հայտնել, որ Իրանի գործողությունները և Թեհրան-Մոսկվա գործակցությունը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար:
Լրատվամիջոցները գրում են, որ Օսթինը Իսրայելում է, երբ երկրում զանգվածային ցույցեր են: Քաղաքացիները հունվարի սկզբից բողոքում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականության, մասնավորապես՝ դատաիրավական փոփոխությունների դեմ, որոնք ենթադրում են Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության հարցում կաբինետի վերահսկողության հաստատում։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին, մտահոգություն հայտնել, որ Իսրայելը գտնվում է աղետի եզրին: Նա նաև քննադատել է Նեթանյահուի կաբինետի առաջարկած դատական համակարգի փոփոխությունների նախագիծը և կոչ արել այլընտրանքային փոփոխություններ մշակել։