ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ Մերի Գալստյանը:
«Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար Բրյուսելում, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստին:
Ցանկանում եմ ընդգծել Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորությունը, որը դինամիկ զարգանում է, և չնայած մեր համագործակցության՝ առանց այն էլ լայն շրջանակի՝ հույս ունեմ, որ կարող ենք գտնել նոր ուղղություններ և ճանապարհներ մեր հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու համար: Մեր համագործակցության խորացման կարևորությունը հատկապես ընդգծվում է Հայաստանի առջև ծառացած ներկա մարտահրավերների համատեքստում, մասնավորապես, անվտանգային ռիսկերը, հետպատերազմյան իրավիճակում տնտեսության վերականգնման և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Կրկին կընդգծեմ ձեր ընթացիկ և շարունակական աջակցության կենսական նշանակությունն այս երեք ուղղություններով և ոչ միայն:
Անվտանգային հիմնական խնդիրները և աշխարհաքաղաքական անկայունությունը տարածաշրջանում, մեր շարունակական և անկեղծ ջանքերը կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ, չնայած Ադրբեջանի կողմից հաճախակի և ցավոտ սադրանքների Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմաններին, առավել հրատապ են դարձնում եվրոպացի գործընկերների եւ, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի հետ մեր համագործակցության խորացումը՝ շարունակելու գործողությունների և ջանքերի մոբիլիզացումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու նպատակով:
Ադրբեջանի կողմից վերջին այդպիսի սադրանքը տեղի է ունեցել անցած կիրակի, երբ սպանվել են Լեռնային Ղարաբաղի 3 ոստիկան այն կեղծ մեղադրանքով, որ նրանց մեքենան Հայաստանից զենք էր տեղափոխում Ստեփանակերտ, մինչդեռ նրանք կանոնավոր ոստիկանական պարեկություն են կատարել: Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայեր զրկված են իրենց հիմնարար իրավունքներից, դուք արդեն մանրամասն տեղեկացված եք: Ադրբեջանի այս պահվածքը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ավելին, այն խափանում է երկու երկրների միջև խաղաղության հասնելու չափազանց փխրուն գործընթացը՝ սպառնալիքի և բռնության փոխելով խաղաղության շուրջ բանակցելու գործիքակազմը:
Եվ հենց այստեղ է, որ ԵՄ շարունակական ջանքերն ուղղակի կենսական նշանակություն ունեն ե՛ւ որպես միջնորդ, ե՛ւ որպես ամուր աշխարհաքաղաքական դերակատար՝ իրավիճակին հասցեական արձագանքելու և օբյեկտիվ գնահատական տալու համար:
Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մինչ այժմ ԵՄ բոլոր ջանքերի և ակտիվ ներգրավվածության համար՝ ներառյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունումը՝ ԼՂ շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցը՝ միասնական արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացման մասին, որը դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Թե՛ 2022 թվականին Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողությունների գործարկումը, թե՛ 2023 թվականի փետրվարին մեկնարկած ԵՄ հատուկ քաղաքացիական առաքելությունը կարևոր և աննախադեպ ձեռքբերում են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԵՄ-ի համար: Առաջին առաքելությունը նպաստեց սահմանին իրավիճակի դեէսկալացիային և հրադադարի խախտումների կտրուկ նվազմանը: Մենք լիահույս ենք, որ այս ազդեցությունը կշարունակվի նաև երկրորդ քաղաքացիական առաքելության շնորհիվ:
Ամփոփելով՝ ուզում եմ վերահաստատել մեր հանձնառությունը ժողովրդավարացման գործընթացի և բարեփոխումների օրակարգի խորացման ուղղությամբ առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումները, տնտեսության ազատականացումը՝ չնայած անվտանգային և աշխարհաքաղաքական հսկայական մարտահրավերների: Մենք ժողովրդավարությունը համարում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու միակ երկարատև ու կայուն ճանապարհը: Եվ որքան այս տեսլականը գերիշխող դառնա տարածաշրջանում, այնքան շուտ կհասնենք դրա իրագործմանը»,- եզրափակել է Մերի Գալստյանը: