Վրաստանի խորհրդարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիան ավարտվել է, ձերբակալվածներ չկան: Ապամոնտաժվում են օրենսդիր մարմնի շենքի մոտ տեղադրված բեմն ու տեխնիկան, ցուցարարները հեռանում են տարածքից այն բանից հետո, երբ խորհրդարանը պաշտոնապես հետ կանչեց օրինագիծը, հայտնում է վրացական Առաջին ալիքը:
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ հենց իրենց գործողությունների ու պայքարի շնորհիվ է, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ մերժեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Սակայն նրանք շեշտում են, որ այժմ շարունակելու են պայքարել ԵՄ 12 կետերի իրականացման համար։
«Սա մեր ժողովրդի հաղթանակն է, մենք մնացինք մինչև ժամը 06:00-ը, մեզ բազմիցս ընդհատեցին, բայց վերադարձանք եվրոպական ու ազգային ընդհանուր գաղափարով։ Այս բողոքի հիմնական պահանջն օրինագծից հրաժարվելն էր, բայց մեր նպատակն է, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, ուստի սկսում ենք 12 կետերի իրականացման երկարաժամկետ արշավ: Մենք պարբերաբար կաշխատենք ակցիաներով և այլ ձևերով, որպեսզի 12 կետերը ստույգ պահպանվեն, և Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից Թամար Ջաքելին։