Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մարտի 9-ին մեկնել է Սիրիա, որտեղ երկրաշարժից տուժած շրջաններ այցելելուց հետո հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի և իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ ալ Միկդադի հետ։ Իրանի և Սիրիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը երկու երկրին որակել է որպես դժվար օրերի ընկերներ՝ հավելելով, որ Իրանը ողջունում է վերջին շրջանում Սիրիայի և տարածաշրջանային երկրների միջև հարաբերությունների վերականգնման դրական տեղաշարժը։
Կարևորելով տարածաշրջանային ճգնաժամերի լուծման համար երկկողմ և բազմակողմ երկխոսությունները՝ Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանը ողջունում է Իրանի, Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի քառակողմ հանդիպումը՝ ավելի մեծ համագործակցության հասնելու և տարածաշրջանում ճգնաժամից դուրս գալու նպատակով։ Սիրիայի ԱԳ նախարարն էլ, բարձր գնահատելով երկրաշարժից հետո Իրանի ցուցաբերած օպերատիվ օգնության տրամադրումը, ընդգծել է, որ Իրանը երկրաշարժից հետո որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցած առաջին երկրներից էր, Հալեպ ու Դամասկոս հասած առաջին ինքնաթիռներն էլ Իրանից էին։
Անդրադառնալով Բաշար ալ Ասադի հետ Ամիր Աբդոլլահիանի հանդիպմանը՝ Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ Միկդադը հայտնել է․ «Հանդիպմանը երկրաշարժի հարցերից բացի քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային բոլոր զարգացումները, և այս առնչությամբ երկու երկրի դիրքորոշումները նման են միմյանց»։