Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ուրբաթ հայտարարել է, որ որոշում է կայացրել նախագահական և խորհրդարանական ընտրություններում նախընտրական քարոզչությունն իրականացնել առանց երաժշտության ուղեկցության՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի նկատմամբ հարգանքից ելնելով:
Էրդողանը ուրբաթ հրամանագիր է ստորագրել երկրում համընդհանուր ընտրությունները մայիսի 14-ին նշանակելու մասին։ Այն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում։
Ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցն է լինելու ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու, «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Նախընտրական հարցումների արդյունքները դեռևս չեն բացահայտում առաջիկա ընտրությունների ֆավորիտին, սակայն փորձագետները նշում են, որ ներկայիս ընտրական գործընթացն իշխող կուսակցության համար կդառնա ամենադժվարը՝ ավելի քան 47 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժերի, ինչպես նաև երկրում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով: