Մարտի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Հանդիպման արդյունքում Խորհրդարանական գործընկերության կոմիտեն ընդունեց եզրափակիչ հայտարարություն, որով, ի թիվս այլնի՝
- գոհունակությամբ նշում է ԵՄ-ի և Հայաստանի միջև շատ լավ հարաբերությունները և հիշեցնում Եվրոպական խորհրդարանի և Հայաստանի Ազգային ժողովի դերը այս հարցում, հիմնված իրենց ժողովրդավարական լեգիտիմության վրա.
- շեշտում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով կամ ուժի կիրառման սպառնալիքով.
- պահանջում է հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան և հիմնված, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թ. Հիմնարար սկզբունքների և տարրերի վրա.
- ընդգծում է, որ կողմերի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացումը և առաջին հերթին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անհրաժեշտ նախապայմաններ են դեպի խաղաղություն առաջընթացի համար. այս կապակցությամբ դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը երաշխավորելու իր պարտավորությունների խախտումը. հորդորում է անհապաղ դադարեցնել միջանցքի շրջափակումը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի պարտադիր կատարման ենթակա որոշման.
- հիշեցնում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային կապերի բացման անհրաժեշտությունը և կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին համաձայնության գալ այս հարցի վերաբերյալ ձևաչափերի շուրջ, որոնք պետք է լիովին հարգեն կողմերի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային օրենսդրությունը.
- խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան, ինչպես նաև 2021 թվականի մայիսից սկսած ռազմական ներխուժումները Հայաստանի տարածք. կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից.
- ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայումը. կոչ է անում Ադրբեջանին լիովին համագործակցել ԵՄ առաքելության հետ և թույլ տալ նրա ներկայությունը նաև սահմանի իր կողմից.
- ընդգծում է առաջնահերթության կարգով առկա բոլոր հումանիտար խնդիրները լուծելու անհրաժեշտությունը. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց.
- կոչ է անում Ադրբեջանին հետաքննել հայ ռազմագերիների բռնի անհետացման վերաբերյալ առկա բոլոր հաղորդումները.
- խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինվորականների և անզեն ռազմագերիների խոշտանգումն ու սպանությունը. պնդում է մեղավորնորին պատասխանատվության ենթարկելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից լիարժեք և թափանցիկ հետաքննության անհրաժեշտությունը.
- առաջարկում է ստեղծել անկախ անցումային արդարադատության մեխանիզմ, որը կքննի ռազմական հանցագործությունների մեղադրանքները, կհասցեագրի անհայտ կորածների խնդիրը, կքննի բռնի անհետացման մեղադրանքները, ինչպես նաև զինված հակամարտության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների փաստացի գնահատում կիրականացնի.
- լրջորեն մտահոգված է 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում և շուրջը հայկական մշակութային ժառանգության հուշարձանների ծագումնաբանությունն աղավաղելու մասին հաղորդումներով։
Ընդգծում է առանց նախապայմանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը.
- ողջունում է Հայաստանի հանձնառությունը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման գործընթացում, ինչպես նաև` 2021 թվականի մարտի 1-ից դրա ուժի մեջ մտնելուց ի վեր գրանցված առաջընթացը.
- շեշտում է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հիմնված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, լավ կառավարման և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ ԵՄ-ի և Հայաստանի ընդհանուր հանձնառության վրա, դրական է գնահատում վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված կարևոր բարեփոխումները, որոնք Հայաստանը հաստատել են որպես լիարժեք ժողովրդավարական երկիր և լավ կառավարման տարածաշրջանային առաջատար. մտահոգված է թեև քաղաքական դաշտի բևեռացվածության աճով և կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին զսպվածություն դրսևորել.
- ընդունում է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերի լավ կատարումը և կոչ է անում ԵՄ խորհրդին սկսել վիզաների ազատականացման երկխոսություն Հայաստանի հետ՝ մարդկանց միջև շփումներն էլ ավելի ամրապնդելու համար.
- կարևորում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրով նախատեսված ներդրումների զգալի խթանը, որը կօգնի Հայաստանին կառուցել դինամիկ և դիմացկուն տնտեսություն, ընդգծում է իր ուշադրությունը հիմնական ոլորտների վրա, ներառյալ ռազմավարական կարևոր կապի ծրագրերը և աջակցությունը առավել խոցելի շրջաններին. ողջունում է Հայաստանի առաջընթացը ծրագրի շրջանակներում առաջնահերթ նախաձեռնությունների իրականացման գործում»,- Ֆեյսբուքի էջում գրել է պատգամավորը: