Արցախի Հանրապետության պետբյուջեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կառուցվող 107 առանձնատների շինարարությունը, շրջափակմամբ պայմանավորված, գրեթե դադարեցված է։ Այդ մասին հայտնում է Արցախի կառավարության տեղեկագիրը:
Առանձնատների մեծ մասի շինարարությունն ավարտման փուլում է, բայց շինանյութի պակասի պատճառով այս պահի դրությամբ աշխատանքները, ինչպես նաև արտաքին ենթակառուցվածքների կառուցումը, գրեթե չեն իրականացվում։ Եթե չլիներ շրջափակումը, ապա առաջին 40 առանձնատները շահագործման կհանձնվեին արդեն իսկ անցած տարեվերջին և 2023 թվականի սկզբին։
Ադրբեջանցիների կողմից արգելափակված ճանապարհի բացվելու դեպքում թաղամասի շինաշխատանքները կվերսկսվեն, և շատ կարճ ժամկետում կառուցված առաջին տները կհանձնվեն շահագործման։
Տեղեկագրում հրապարակված է նաև Արցախի շրջափակման 89-րդ օրվա վիճակագրությունը.
-
Արդեն 338 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
-
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 820 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
-
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 153 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում:
-
755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
-
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 6400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։