17-րդը և ոչ վերջինը: Մեկնարկել են «ԴիջիԹեք 2022» համաժողովն ու տարածաշրջանում ամենամեծ նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Միջոցառմանը մասնակցում են ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ընկերություններ տարբեր ոլորտներից: «ՌեԱրմենիա» հարթակը ավելի քան մեկ տարում կարողացել է ներգրավել մոտ 1 մլն դոլար ներդրում՝ համախմբելով աշխարհասփյուռ հայերին Հայաստանում առկա խնդիրների լուծման շուրջ:
Արտակ Գրիգորյան («ռեԱրմենիա» հարթակի գործառնական տնօրեն) - Միայն մեկ տարվա ընթացքում ունեցել ենք արդեն 10 հազարից ավելի համայնքի անդամ, որոնք տարբեր նախագծերի են աջակցել:
2024-ին Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն: Հայաստան կժամանեն տիեզերագնացներ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից: Կանցկացվեն տիեզերական փորձարկումներ՝ նախապատրաստելով Մարսի հետազոտական առաքելություններին:
Հայկ Մարգարյան (Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն) - Ուղիղ մի տարի հետո պիտի կառուցեն Մարսի սիմուլյացիոն բազան ու գիտական հետազոտություններ անեն:
Նորություններ ունի Հայաստանում ամենաստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: «Թումոն» Եվրամիության հետ համատեղ կենտրոնի հարևանությամբ կկառուցի ինժեներական և կիրառական գիտելիքների համալիր:
Զառա Բուդաղյան («Թումո» կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար) - Այն մի ամբողջ էկոհամակարգ է ՏՏ ոլորտի և ոչ միայն կրթությունն ու բիզնեսը իրար կապող:
Այս տարվա «ԴիջիԹեքը» կրում է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» խորագիրը:
Հայկ Չոբանյան (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն) - Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաները դիմակայության ապահովման կարևորագույն գործիքներից են, և Հայաստանը այս տարվանից սկսած պետք է դիրքավորվի որպես վայր, որտեղ աշխարհի փոքր երկրները քննարկում են իրենց առջև կանգնած խնդիրները:
Մարզահամերգային համալիրում անցկացվող «ԴիջիԹեք 2022»-ին այս տարի մասնակցում է 120 տեղական և արտասահմանյան ընկերություն, սպասում են մոտ 60 հազար այցելուի:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան