Երկու օր շարունակ Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ցույցերի պատճառ դարձած «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը «Վրացական երազանք» կուսակցությունը որոշեց հետ կանչել: Օրինագիծը նախաձեռնած «Ժողովրդի ուժ» շարժման հետ իշխող կուսակցությունը համատեղ հայտարարություն տարածեց.
«Պետք է առավել ուշադիր լինենք մեր երկրում խաղաղության և տնտեսական զարգացման նկատմամբ: Անհրաժեշտ է մեր համաքաղաքացիների էներգիան ծախսել ոչ թե առճակատման, այլ երկրի բարգավաճման վրա: Վրաստանը կշարունակի արժանապատիվ կերպով շարժվել դեպի Եվրոպա, ինչը վրացական հասարակության սկզբունքային ընտրությունն է»:
Ջոնի Մելիքյան (վրացագետ) - Եվս 2 ընթերցում պետք է լիներ, Վենետիկի հանձնաժողովի գնահատական, սպասելի էր, որ երկար պրոցես պիտի լիներ, ինձ համար անհասկանալի էր գործընթացի արագությունը:
Այսինքն` օրենքը մնաց հանձնաժողովային մակարդակի վրա, ինչը նշանակում է` կարող են սառեցնել, վերադառնալ մի քանի ամսից կամ տարուց, կարևորը երիտասարդության հարցն է, քանի որ գիտակցեցին, որ վատ են աշխատել նրանց հետ:
Վրաստանի խորհրդարանի այս որոշմանը նախորդել էր ծանր գիշերը: Մի շարք քաղաքներում ցույցեր էին, իսկ Թբիլիսիում ակցիայի մասնակիցները օրենքի նախագիծը հետ կանչելու վերջնաժամկետ էին ներկայացրել խորհրդարանին:
Ջոնի Մելիքյան - Կանանց շարժում կար, երիտասարդներ կային, նույնիսկ նախկին վարչապետն էր եկել, ու խոսափողն ազատ էր:
Վերջնաժամկետը լրանալուց հետո տասնյակ հազարավոր ցուցարարներ շրջապատել էին օրենսդիր մարմինը, ջարդել շենքի ապակիները, տապալել ոստիկանների տեղադրած երկաթե ցանկապատերը, շրջել ոստիկանական մեքենա՝ վանկարկելով՝ «Վրաստանը Եվրոպա է», «Ո՛չ ռուսական օրենքին»։
Ցուցարարները Ռուսթավելու պողոտայում նստարաններից ու աղբամաններից բարիկադներ էին կառուցել, հատուկջոկատայինների ուղղությամբ նետում էին տարբեր առարկաներ: Հատուկջոկատայիններն էլ կիրառում էին խլացուցիչ նռնակներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Տասնյակ քաղաքացիներ և իրավապահներ են տուժել, ըստ երկրի ներքին գործերի նախարարության` երկու օրում 133 քաղաքացի է բերման ենթարկվել:
Ինչի մասին է նախագիծը: Իշխող կուսակցությունը և օրինագծի հեղինակները` «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը, պնդում են, որ նախագծի միակ նպատակը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն է: Առաջարկում են Հանրային ռեեստրի ազգային գործակալությունում ստեղծել ցանկ, որտեղ կգրանցվեն շահույթ չհետապնդող այն իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամտի 20 տոկոսից ավելին արտասահմանից է ստացվում: Նրանք պարտավոր են հայտարարագրել իրենց ֆինանսավորման աղբյուրը, պահանջը խախտելու դեպքում օրենքով սահմանված է մինչև 9500 դոլարի չափով տուգանք։
Նախագծի հակառակորդները վստահ են, որ օրինագիծը դեմ է արևմտամետ ուղղությանը և չի տարբերվում Ռուսաստանում 2012-ին ընդունված նմանատիպ օրենքից:
ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ
Եվ չնայած օրենքը հետ է կանչվել, բայց վրացական ընդդիմությունը որոշել է շարունակել ակցիաները: Իշխանություններից պահանջում են պարզաբանել իրենց դիրքորոշումը փաստաթղթի վերաբերյալ և ազատ արձակել բոլոր բերման ենթարկված ակտիվիստներին: Ջոնի Մելիքյանը չի բացառում, որ առաջիկա ակցիաները ևս կարող են լինել բազմամարդ. բայց կլինի շարունակություն, թե ոչ՝ կախված է հավաքին հնչող ելույթներից:
Ջոնի Մելիքյան - Հարցն այն է` երիտասարդները կբավարարվեն, թե ոչ, եթե ավելի ակտիվանան, ապա ինչի շուրջ: Ընթացքում խոսափողի մոտ խոսողների մեսիջներն են կարևոր` ընդունելի կլինեն, թե չէ, որ մնան, շարունակեն կամ վերադառնան տուն և շարունակեն իրեն կյանքով ապրել:
Վրացական լրատվամիջոցները գրում են, որ իշխանությունները, այնուամենայնիվ, մտադիր են հետագայում հանդիպումներ անցկացնել բնակչության հետ, բացատրել օրինագծի էությունն ու կարևորությունը և հավաստիացնել, որ այն կապ չունի ռուսական օրենքի հետ:
Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` ընդդիմության կողմից գործող իշխանությանը «ռուսամետ» կոչելը նրանց սևացնելու համար է:
Ջոնի Մելիքյան - Ավելի համապատասխան կլիներ իշխանության ներկայացուցիչներին կոչել պրագմատիկ, իշխանության օրոք ասոցացման համաձայնագիր ստորագրվեց, առանց վիզայի ռեժիմ ստորագրվեց, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացան: Ուղղակի վերջին շրջանում բարդություններ եղան, այսօր 12 կետանոց փաստաթուղթ կա բարեփոխումների, որոնցից մեկը երկխոսությունն է իշխանություն-ընդդիմություն, և հետկանչը կարելի է դիտարկել որպես առաջին քայլ:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմանը կտրականապես դեմ են հանդես եկել վրացական ընդդիմությունը, նախագահը, ԱՄՆ պետքարտուղարությունը, Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը և Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը:
Ի դեպ, ակցիաների ընթացքում քիչ չէր նաև տարածվող ապատեղեկատվությունը: Վրացական զանգվածային լրատվամիջոցներից մեկը նախորդ օրը, անանուն ցուցարարի հղում անելով, գրել էր, թե իբր Հայաստանից հատուկջոկատայիններ են տարվում Վրաստան՝ ցույցերը ցրելու համար։ Այս սադրիչ ապատեղեկատվությունը անմիջապես հերքվել է Վրաստանում Հայաստանի դեսպանության կողմից:
Մելիքյանը չի բացառում, որ սա Ադրբեջանի որոշ շրջանակների կողմից կազմակերպված քայլ էր՝ հայ-վրացական հարաբերություններում լարվածություն ստեղծելու համար: Ընդգծում է՝ Վրաստանում ներքաղաքական կայունությունը ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի վրա, հիշեցնում՝ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը՝ Լարսը, անցնում է Վրաստանով:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան