Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որը երեկ նաև ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով, հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից: Այն նախաձեռնած «Ժողովրդի ուժ» շարժումը և դրան աջակցություն հայտնած իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել.
«Պետք է առավել ուշադիր լինենք մեր երկրում խաղաղության և տնտեսական զարգացման նկատմամբ: Անհրաժեշտ է մեր համաքաղաքացիների էներգիան ծախսել ոչ թե առճակատման, այլ երկրի բարգավաճման վրա: Վրաստանը կշարունակի արժանապատիվ կերպով շարժվել դեպի Եվրոպա, ինչը վրացական հասարակության սկզբունքային ընտրությունն է»:
Վրացական լրատվամիջոցները գրում են, որ իշխանությունները, այնուամենայնիվ, մտադիր են հետագայում հանդիպումներ անցկացնել բնակչության հետ, բացատրել օրինագծի էությունն ու կարևորությունը և հավաստիացնել, որ այն կապ չունի ռուսական օրենքի հետ:
Երեկ ողջ գիշեր Վրաստանի մի շարք քաղաքներում ցույցեր են եղել: Թբիլիսիում ակցիայի մասնակիցները վերջնաժամկետ են ներկայացրել խորհրդարանին՝... քաղաքացիները պահանջել են մինչև այդ ժամը հետ կանչել առաջին ընթերցմամբ ընդունված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ռեեստր այն հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և սուբյեկտների համար, որոնք ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստանում են արտերկրից:
Վերջնաժամկետը լրանալուց հետո oրինագծի ընդդիմախոսները փորձել են արգելափակել խորհրդարանի մուտքերը, որտեղ այսօր նախատեսված էր «օտարերկրյա գործակալների մասին» նախագծի հերթական քննարկումը: Տասնյակ հազարավոր ցուցարարներ շրջապատել են օրենսդիր մարմինը, ջարդել շենքի ապակիները, տապալել ոստիկանների տեղադրած երկաթե ցանկապատերը։ Ցուցարարները նաև ոստիկանական մեքենա են շրջել, բղավել՝ «Վրաստանը՝ Եվրոպա է», «Ո՛չ ռուսական օրենքին»։
Ոստիկանները փորձել են ցրել ցույցը, ինչից հետո իրավապահների և ակցիայի մասնակիցների միջև բախումներ են սկսվել: Ցուցարարները փորձել են նստարաններից ու աղբամաններից բարիկադներ կառուցել Ռուսթավելու պողոտայում, տարբեր առարկաներ են նետել հատուկջոկատայինների ուղղությամբ, վերջիններս ի պատասխան խլացուցիչ նռնակներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել։ Բախումների հետևանքով տուժել են տասնյակ քաղաքացիներ և իրավապահներ: 100-ից ավելի մարդ բերման է ենթարկվել:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ցուցարարներին կոչ է արել հանգստություն պահպանել և չտրվել, նրա խոսքով, արմատական ընդդիմության սադրանքներին և չխախտել օրենքը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է՝ պնդումները, թե օրենքը բացասաբար կանդրադառնա ԵՄ-ում երկրին թեկնածուի կարգավիճակի տրամադրման գործընթացի վրա, սպեկուլյատիվ է:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը Վրաստանում ցույցերից առաջ աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ, աջակցություն է հայտնել ակցիայի մասնակիցներին և ասել, որ մտադիր է վետո դնել օրինագծի վրա։
Սալոմե Զուրաբիշվիլի (Վրաստանի նախագահ) - Իշխանությունները պետք է հասկանան, որ սա բնակչության հետ տարաձայնությունները հարթելու վերջին հնարավորությունն է: Նրանք պետք է ցույց տան, որ ռուսամետ ուժ չեն, պետք է զերծ մնան ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելուց։
Վրաստանում զարգացումներին հետևում են Արևմուտքում: Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը չի բացառել Վրաստանի իշխանության նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: «ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը վտանգում է Թբիլիսիի հարաբերությունները արևմտյան երկրների հետ: Այն ոգեշնչված է Կրեմլից»,- ասել է Փրայսը, հավելել՝ այս նախաձեռնությունն անհամատեղելի է Վրաստանի եվրաինտեգրման ձգտումների հետ։