Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ինթերնեյշնլ եվրոպական ծրագրային գրասենյակների տարածաշրջանային տնօրեն Աջայ Բարային և է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանելյանին։
Հանդիպմանը մասնակցել է նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ Արամ Մեյմարյանը։
Ողջունելով գործընկերներին՝ նախարարն անդրադարձել է Շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) միջև առկա երկարամյա և արդյունավետ համագործակցությանը։
WWF Հայաստանի համար առաջնահերթություն է վտանգված տեսակների պահպանությունը, ինչպիսին է, օրինակ, կովկասյան ընձառյուծը: Մեկ այլ կարևոր առաջնահերթություն է պահպանվող տարածքների համակարգի զարգացումն ու հզորացումը:
WWF-ը շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Անձնակազմի համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ, նյութատեխնիկապես զինում՝ պահպանության, հետազոտության, մոնիթորինգի, իրազեկության բարձրացման և էկոտուրիզմի զարգացման նպատակով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ տեսակետներին։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրին», որը նախաձեռնել են Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին։ Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
Նախարարի տեղակալը խոսել է բնություն բաց թողնված առանձնյակներից, որոնք վերջին շրջանում հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում։
Քննարկվել է էկոլոգիական միջանցքների հարցը։ Հինգ տարում աշխատանքներ են իրականացվել 3 մարզի՝ Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի 30 գյուղական բնակավայրերում՝ կենտրոնացնելով տեղի բնակչության ուշադրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ։
Գործընկերներին են ներկայացվել բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող օրենսդրական բարեփոխումները, որոնք առնչվում են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը համայնքների ներգրավմանը։
Հանդիպման ավարտին նախարարը կրկին անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության և վերականգնման ոլորտում հիմնադրամի հետ համագործակցությանը՝ դրանք որակելով արդյունավետ և կայացած։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել և խորացնել համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ։