Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը։ Այս մասին հայտնում են մարզպետարանից:
Աշոցքի տարածաշրջանի ծրագրից օգտված 359 շահառուի համար 38 մլն 16 հազար դրամ գումարի բաշխումը կիրականացվի առաջիկա հինգ օրում։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում 5804 շահառու է օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է 936 մլն 60 հազար դրամ։ Ամենաշատը շահառուների թվով Ախուրյանի շրջանն է՝ 2230, այնուհետև Արթիկը՝ 1806 և Անին՝ 1089։ Դիմումների ստուգման աշխատանքների ավարտից հետո՝ առաջիկա օրերի ընթացքում, կմեկնարկի նաև մյուս տարածաշրջանների ցանքսերի գումարների փոխհատուցման գործընթացը։
Մարզում մոնիտորինգի արդյունքում դրական եզրակացություն ստացած ընդհանուր 13091 հա ցանքից 10695 հա-ն չհավաստագրված սերմերով է իրականացվել, 2397 հա-ը՝ հավաստագրված սերմերով։
Ըստ աջակցության ծրագրի՝ Կառավարությունը մեկ հեկտարի հաշվով հավաստագրված սերմեր ցանողներին կփոխհատուցի 120 հազար, իսկ ովքեր աշնանացան արել են ոչ հավաստագրված սերմերով, հեկտարի հաշվով կփոխհատուցվեն 70 հազար դրամի չափով: