Եվս մեկ սպասված նորություն. Մ6-Աթան ճանապարհահատվածի հիմնանորոգումը մեկնարկեց: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«27,5 կմ հատվածի հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է շուրջ 3,8 մլրդ դրամ (շուրջ 10 մլն դոլար)։ Շինտեխնիկան տեղում է` կենտրոնացված Աթան և Քարինջ գյուղերում։
Որքան էլ տեղացիներին անհնարին էր թվում, խոստացել էինք, որ 39 տարի առաջ մասնակի ասֆալտապատված ճանապարհն ամբողջությամբ հիմնանորոգվելու է։ Գաղտնիք չէ, որ գործընկերներիս հետ տևական ժամանակ հսկայական ջանքեր ենք գործադրել այս ուղղությամբ։ Շնորհակալ եմ գործադիրի գործընկերներիս` ի դեմս ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի։
Եվս մեկ կարևոր նորություն. ճանապարհը նաև շուրջ 8 կմ ճյուղավորվելու է դեպի Մոտկորի գյուղախմբի գյուղեր` ընդհանուր շուրջ 800 մլն դրամ նախահաշվային արժեքով։ Մարց, Լորուտ, Քարինջ, Շամուտ, Ահնիձոր, Աթան գյուղերի սիրելի բնակիչներ, շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս»,- գրել է պատգամավորը: