ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում բացվել է երիտասարդական կենտրոն, որն անվանակոչվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Մեծամորի երիտասարդական կենտրոնի բացումն իրականություն է դարձել «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Մեծամորի համայնքապետարանի աջակցությամբ։
Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը։
«Ողջունելի է, որ այս տարվա երիտասարդական մայրաքաղաքը տարին սկսում է երիտասարդական կենտրոնի հիմնադրմամբ: Այն ոգևորությունը, որ մեզ փոխանցեցին այս երիտասարդները դեռևս անցյալ տարի տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, մեզ հուշում էր, որ նրանք չեն սահմանափակվի միայն խոսքով, այլ խոսքը կվերածեն հստակ գործողությունների։ Երիտասարդական կենտրոնի բացումը, անշուշտ, իր դրական ազդեցությունը կունենա մեծամորցի երիտասարդների ինքնաբացահայտման, զարգացման, քաղաքացիական ակտիվ վարքի ձևավորման վրա։ Վստահ եմ՝ կենտրոնում կազմակերպվելիք կրթական, մշակութային, սպորտային, ինտելեկտուալ, ժամանցային միջոցառումները կնպաստեն համայնքային կյանքի աշխուժացմանը, երիտասարդական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը, երիտասարդներին կուղղորդեն համայնքային որոշումների կայացման գործում ակտիվ մասնակցության դրսևորմանը»,- իր խոսքում նշել է Զարա Ասլանյանը։
Նա «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» ՀԿ-ի ներկայացուցիչներին նվիրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Երիտասարդական միջավայրի գործունեության ուղեցույցը», որը կենտրոնի աշխատանքները կդարձնի առավել նպատակային և համակարգված։
ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում կենտրոնի բացումն առաջին մեծ ծրագիրն է, իսկ տարվա ընթացքում ԿԳՄՍ նախարարության և գործընկեր կազմակերպությունների կողմից նախատեսվում են բազմաբնույթ այլ միջոցառումներ։