«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներից ստանում է առաջարկներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ ասֆալտապատված հատվածում երթևեկության սահմանված արագությունը մեծացնելու վերաբերյալ։
«Նշված ճանապարհահատվածում սահմանված է 70 կմ/ժ արագություն, և սահմանափակումները պայմանավորված են դեռևս շարունակվող որոշ շինարարական աշխատանքներով։ Աշխատանքները ծրագրված է ամբողջովին ավարտել սույն թվականի օգոստոսին, որից հետո կվերականգնվի բնականոն երթևեկությունը, և կվերանայվի սահմանված արագությունը։
Տեղեկացնենք, որ այն ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ, երթևեկության արագությունը սահմանվում է ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի, որը համաձայնեցվում է ՀՀ ՆԳՆ-ի հետ՝ շինարարության ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, կարևորելով ճանապարհային անվտանգությունը, հայցում է վարորդների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: