Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում. 2023» նոր զեկույցը:
Փաստաթղթի հեղինակները գնահատել են 210 երկրում և տարածքներում քաղաքացիական ազատությունները և դասակարգել դրանք ըստ 3 խմբի՝ «ազատ», «մասամբ ազատ», «ոչ ազատ»:
Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքին՝ 100 հնարավորից ստանալով 54 միավոր, որից 23-ը վերաբերում է քաղաքական իրավունքներին, իսկ 31-ը՝ քաղաքացիական ազատություններին։ Նախորդ տարի ևս Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում էր 55 միավորով։
Զեկույցի հեղինակները նաև կարծում են, որ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ժողովրդավարությունը պետք է որոշակի օժանդակություն ստանա, մասնավորապես՝ դիվանագիտական, տեխնիկական և ֆինանսական։
Զեկույցում անդրադարձ է արվում Հայաստանի անվտանգային իրավիճակին:
«2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք։ Պաշտոնական զեկույցները պարունակում են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել: Իսկ ՀԱՊԿ-ը չօգնեց Հայաստանին, որը կազմակերպության միակ «մասամբ ազատ» երկիրն է:
Զեկույցի տեքստում նաև նշվում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը խարխլել է Ռուսաստանի դիրքերը, ինչի հետևանքով ադրբեջանական ռեժիմն ուժեղացրել է ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ՝ չնայած Ռուսատանի կողմից անվտանգության երաշխիքներին։ «Ադրբեջանի զինված ուժերը գրավել է Հայաստանից տարածքներ, ինչի հետևանքով մեծացել է լայնամասշտաբ պատերազմի վտանգը»,- ասված է փաստաթղթում։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ՝ «ՈՉ ԱԶԱՏ» ԵՐԿՐՆԵՐ. FREEDOM HOUSE
Ադրբեջանը «ոչ ազատ» երկրների շարքում է՝ ստանալով ընդամենը 9 միավոր 100 հնարավորից: Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ապահովման մակարդակը վերջին 10-ը տարում կտրուկ անկում է ապրել:
Զեկույցում առանձին սյունակ կա, կոչվում է «Վատագույններից վատագույնը»: Դրա նկարագրությունը հուշում է՝ այս ցանկում այն երկրներն են, որոնք ազատությունների տեսանկյունից գրանցել են ամենացածր ցուցանիշները. ընտրությունը կատարվել է «ոչ ազատ» համարվող 57 երկրից: 16 երկրից Ադրբեջանը 13-րդն է՝ Սոմալիից հետո:
«Ադրբեջանում օրենսդիրները լրացուցիչ սահմանափակումներ են մտցրել լրատվամիջոցների և լրագրողների դեմ, ընդունել են նոր օրենքներ, որոնք պարտավորեցնում են օտարերկրյա առցանց հարթակներին գրանցվել որպես տեղական իրավաբանական անձինք: Իշխանությունները լիազորված են գրաքննել «անցանկալի» տեղեկատվությունը և արգելել լրատվամիջոցների գործունեությունը՝ առանց դատարանի թույլտվության: Այս ամենը հանգեցրեց հանրային դժգոհության, վերաճեց բողոքի ցույցերի և ստացավ անվտանգության ուժերի կոշտ պատասխանը»:
Թուրքիան ևս ոչ ազատ երկրների շարքում է 32 միավորով: Փաստաթղթի համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը խաղաց ընտրական օրենսդրության հետ և խիստ պատիժներ սահմանեց այսպես կոչված «ապատեղեկատվության» համար: Զեկույցում նշվում է, որ նման քաղաքականության նպատակը մայիսի 14-ին նախատեսված նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմությանը զսպելն է:
«Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման անհաջող փորձը ստվեր է գցել երկրում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վրա: Նախագահ Ռեջեփ Էրդողանը և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունն օգտագործեցին այդ միջադեպը՝ արդարացնելու ժողովրդավարական հիմնական հակակշիռների և քաղաքական մրցակիցների վերացումը։ Այս ամենը շարունակվեց նաև 2022 թվականին. ընտրություններին ընդառաջ կառավարությունն ընդունեց նոր օրենք, որի նպատակն է խեղդել ընդդիմության քարոզարշավը և անկախ լրատվամիջոցների ձայնը»:
Հարևան Վրաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է, Իրանը` «ոչ ազատների»:
Ուսումնասիրելով աշխարհում ժողովրդավարական զարգացումները՝ Freedom House-ը եզրակացրել է՝ համաշխարհային ազատությունները 17 տարի անընդմեջ անկում են ապրում. 195 երկրից միայն 84-ն է ճանաչվել ազատ: Ավտորիտար ռեժիմները ծայրահեղ վտանգավոր են, սակայն անպարտելի չեն և հաճախ են սխալվում: Ժողովրդավարությունը կարող է օգտագործել այդ սխալները և հաղթանակել: