44-օրյա պատերազմի ժամանակ մարտադաշտը լքելու և հրամանատարության հետ կապի միակ միջոցը տանելու համար մեղադրվող մայոր Իշխան Վահանյանի գործով դատարանում ցուցմունք տվեցին զոհված նորակոչիկները ծնողները:
Զոհված զինծառայող Ռաֆիկ Սահակյանի մայրը՝ Վարդուհի Մանուկյանը, պատմեց, որ որդին ծառայել է Մեխակավանի զորամասում, մինչև պատերազմը՝ սեպտեմբերի 18-22-ը, որդուն տեսակցել է զորամասում:
Վարդուհի Մանուկյան (Ռաֆիկ Սահակյանի մայրը) - Մինչև Ռաֆիս տեսնելը խոսակցությունները գնում էր տվյալ անձնավորության վերաբերյալ, որ էրեխեքին ինքը նեղացնում ա, ես զինվորներից լսեցի:
Մանուկյանի որդին իրեն պատմել է, որ սեպտեմբերի 29-30-ը զինծառայողները Արա լեռում մարտեր են վարել առանց սպայական անձնակազմի ու եկել Հադրութ:
Վարդուհի Մանուկյան - Անտառների մեջ կորում են, տալիս են 2 վիրավոր, Հադրութում ռազմական ոստիկանները իրանց բռնում տանում են իրանց մոտ, ու էդ պահին էլ էի խոսում Ռաֆիս հետ, ինքն ասաց, որ մենք մոլորվել ենք, որովհետև սպայական անձնակազմ չկա, մենք չգիտենք ճանապարհը:
Արդեն Հադրութի դպրոցում, զինվորի մոր խոսքով՝ այն ժամանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հրամայել է բարձրանալ դիրքեր, այն դեպքում, երբ, ըստ Մանուկյանի՝ զինծառայողներն անփորձ են եղել, բարոյահոգեբանական վատ վիճակում:
Վարդուհի Մանուկյան - Իրենց պիտի հանեին Խուռհատ սար, պաշտպանեին դիրքերը, բայց Ռաֆոն ասում էր, որ էդ դիրքերը մենք էլ չունենք, հակառակորդը կա, խոսակցությունն էդպես ա եղել, Ջալալն էլ ասել ա՝ ինձ չի հետաքրքրում, հանում եք բոլորին:
Խուռհատ սար բարձրանալուց հետո, զոհվածի մայրն ասաց, որ որդին հոկտեմբերի 10-ին ընկել է շրջափակման մեջ: Արդեն 12-ին զանգահարել է մորն ու ասել, որ իր հետ տասնյակից ավելի զինվորներ կան և ոչ մի սպա, 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Վերջին կապը որդու հետ հենց այդ օրն է եղել:
Վարդուհի Մանուկյան - Սրա մոտ էլ է եղել հեռախոս, ինքը անընդհատ կապի մեջ է եղել, ու լավ իմացել է, թե երեխեքին ուր է տանում:
Հարցաքննվեց նաև զոհված Դավիթ Ադոյանի մայրը՝ Լիլյա Սարգսյանը: Նա իր հետ բերել էր մահացած ամուսնու ցուցմունքը, որն ի սկզբանե ներգրավված էր եղել որպես իրավահաջորդ:
Դատարանի թույլտվությամբ ընթերցեց ցուցմունքը:
Լիլյա Սարգսյան (Դավիթ Ադոյանի մայրը) - 12-ին երեխեն զանգեց երեկոյան, շատ կոշտ, մրսած ձայնով: Ես չհասկացա սկզբից, որ դա իմ տղան է և անջատեցի հեռախոսը, նորից զանգեց ասեց՝ պա՛պ, ես եմ, հարցրեցի՝ ինչ ա եղել ձայնին, ասաց, որ շրջափակման մեջ են, անտառում են, ինքը և իր 4 ընկերները վիրավոր են, հորդորել են առողջ ընկերներին, որ իրենց թողնեն գնան, չեն համաձայնել: Ասաց նաև, որ գեներալների, հրամանատարների հետ են կապվել, բոլորը խոստացել են գալ և օգնել, բայց արդեն չեն հավատում, արդեն երկրորդ օրն է՝ ոչինչ չեն անում:
Զոհված զինծառայողի մայրն ասաց՝ որդին մյուս զինծառայողների և սերժանտներից մեկի հետ Հադրութի Վանք գյուղի տներից մեկում են եղել: Որդին հորն ասել է, որ ամեն ինչ կարգին է, կապ են հաստատել հրամանատարության հետ: Խոստացել են, որ կգան օգնության և գաղտնաբառ են փոխանցել, մինչդեռ ոչ ոք այդպես էլ չի գնացել: Սարգսյանը հրապարակեց այն զինվորականների համարներն ու տվյալները, որոնց դիմել են ու խաբվել:
Լիլյա Սարգսյան - Երեխեքը շատ վիրավորված էին անգամ մեզանից, որովհետև ես հիշում եմ, որ երեխես ասեց՝ պա՛պ, մենք գեներալներին ասում ենք, ասում են՝ մենք ոչ մի բան չեն կարող անել, դիմեք Կարմիր խաչ:
Խոսել են նաև Իշխան Վահանյանի հետ, որն ասել է, թե տեղյակ է իրավիճակից:
Լիլյա Սարգսյան - Իշխան Վահանյանը, որ իբր վիրավոր էր, ինչի ա ես իրան եմ ուզում ասեմ, որ ասել ինքը մեզ ասեց, որ երեխեքը շրջափակումից դուրս են եկել, բայց տեղս չասեք, ինքը չի կարա հերքի, որ ծնողներն իմանան տեղս, գլուխս կջարդեն: Ինչի՞ ա ինքը էդ բանն ասել, եթե տենց հայրենասեր, չփախած տղա ա:
Լիլյա Սարգսյանի խոսքով՝ որդու հետ վերջին կապը հոկտեմբերի 13-ին է եղել:
Նշեց՝ որդին հոկտեմբերի 10-ին ոտքից վիրավորվել է, 18 օր անց մահացել:
Սարգսյանը պատմեց՝ սարի վրա զինծառայողները առանց հրամանատարների մարտի են բռնվել, շատերը հենց այդ ժամանակ են զոհվել, մյուսները փորձել են փախչել, հետո խմբերի բաժանվել:
Դատարանում հարցաքննվեց նաև զոհված զինծառայող Արման Գաբրիելյանի հայրը՝ Բենիկ Գալստյանը, ու Կարեն Ներսեսյանի հայրը՝ Դավիթ Ներսեսյանը:
Տուժողների և տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը կշարունակվի մարտի 20-ին
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան: