Գյումրիի համայնքապատկան մանկապարտեզներ հաճախող բոլոր սաների համար այս տարվանից գործում է 50 տոկոս զեղչ: Նախկին 8000-ի փոխարեն ընտանիքը վճարում է 4000 դրամ, մյուս 4000-ը փոխանցվում է համայնքային բյուջեից։ Բացի դրանից՝ պահպանվում են նախկինում գործող սոցիալական արտոնությունները զինծառայողների, նպաստառու ընտանիքների, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների, հաշմանդամության կարգ ունեցող ծնողների երեխաների համար: Օրինակ՝ եթե նախկինում արդեն օգտվել են 50 տոկոս զեղչից, այսօր վճարելու են 4000-ի հիսուն տոկոսը՝ 2000 դրամ։
Քաղաքապետարանում հաշվարկել են. տարեկան այս ծախսը մոտ 100 մլն դրամ է:
Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - Ֆոտովոլտային կայանքներ են տեղադրվել բոլոր ՀՈԱԿ-ներում, որի արդյունքում 130 մլն տնտեսում, որի շնորհիվ էլ 50 տոկոսով մանկապարտեզի վարձը ավելի շատ զեղչելու հարց է բարձրացվել: Երևանում անվճար է մանկապարտեզը, մենք էլ այս կերպ փորձեցինք օգնել։
Այս որոշմամբ պայմանավորված՝ համայնքապատկան բոլոր նախակրթարաններում սաների թիվը սկսել է աճել։ «Գոհար» մսուր-մանկապարտեզում այսօր հերթական դիմումն են ստացել։
Սյուզաննա Հարությունյան («Գոհար» ՀՈԱԿ մսուր-մանկապարտեզի տնօրեն) - Նոր տարում ևս նոր 15 երեխա ենք ընդունել արդեն: Բնականաբար, մատչելի է, ավելի շատ մարդիկ են դիմում։
Խմբերում սաների ավելացմանը զուգահեռ՝ բարձրացվում է նաև դաստիարակ-դայակների աշխատավարձի հարցը, որը, քաղաքապետի որակմամբ, հանրապետությունում ամենացածրերից է:
Վարդգես Սամսոնյան - Բնականաբար, բավարար չէ, բայց միջոցները չեն բավարարում: 2020 աշխատողի համար մեկ անգամ արդեն տասը տոկոսով բարձրացրինք և հնարավորության դեպքում էլի կբարձրացնենք աշխատավարձը, որը ամբողջ Հայաստանում ամենացածրն է, ուսումնասիրել ենք:
Առայժմ քննարկվում է մանկապարտեզներում աշխատանքային ժամի փոփոխություն իրականացնելու հարցը։ Նախատեսվում է բացել նոր խմբակ՝ առավոտյան 8։30-ից մինչև երեկոյան 7-ը գրաֆիկով ու մասնագետների հավելյալ վճարմամբ: Սեպտեմբերից էլ կանցնեն համընդհանուր ներառականության:
Անահիտ Գասպարյան (Գյումրի համայնքապետարանի կրթության բաժնի առաջատար մասնագետ) - Մենք հիմա մասնագետներ չունենք, այդ աշխատանքը դաստիարակներն են անում: Սեպտեմբերից մասնագետ հոգեբաններ և լոգեպեդներ կլինեն:
Համընդհանուր ներառականության ներդրմամբ ոչ միայն սաների հետ կտարվի անհատական աշխատանք, այլև դաստիարակներին վերապատրաստվելու հնարավորություն կտրվի: