Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում մանրամասն տեղեկատվություն է ներկայացված մարտի 5-ի միջադեպի վերաբերյալ՝ հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունը տարածաշրջանում, իսկ ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը տեղի ունեցածի քաղաքական գնահատականն է տվել:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարության ոչ հասցեական գնահատականը մարտի 5-ին Արցախում ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ՝ ի տարբերություն ՌԴ պաշտպանական գերատեսչության:
Զախարովայի խոսքով՝ հայտարարության առանցքային հատվածը կոչն է կողմերին՝ ցուցաբերելու զսպվածություն, քայլեր ձեռնարկելու լարվածության թուլացման ուղղությամբ և վերադառնալու բանակցություններին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում:
«Ցանկացած կողմից ռազմատենչ հռետորաբանությունը հակաարդյունավետ է: Այն չի նպաստում խաղաղության օրակարգի առաջմղմանը: Բաքուն և Երևանը պետք է անշեղորեն կատարեն եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման, Լաչինի միջանցքի օգտագործման մասով: Կարծում ենք՝ այդ լարվածության թուլացմանը կնպաստեր պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի լուծումների որոնմանը»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Արցախի նկատմամբ Բաքվի նոր սպառնալիքները: