Ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի նաև փրկարարներին: Նախագիծն արդեն շրջանառության մեջ է, ու եթե այն օրենք դառնա, մայիսից սկսած, 3 տարի, կամավոր սկզբունքով, փրկարարները կարող են դիմել, անցնել քննություններն ու ստանալ ավելի բարձր՝ գրեթե կրկնապատիկ աշխատավարձ: Ներքին գործերի նախարարությունում նկատում են՝ սա լավ հնարավորություն է ստուգելու ծառայողների պատրաստվածության աստիճանը՝ նրանց տալով ավելի բարձր սոցիալական երաշխիքներ:
Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ) - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք խոսում ենք փրկարար ծառայության մասին, որտեղ պրակտիկ կտորը ևս չափազանց կարևոր է, և պետք է հատուկ շեշտադրում կատարվի դրա վրա, էստեղ ևս կունենանք թե՛ հարցաշարային մակարդակով ստուգում, թե՛ ֆիզիկական ու մարտական պատրաստականության տեսանկյունից որոշակի հատուկ ստուգումներ, որոնք թույլ կտան ռեալ հասկանալ փրկարար ծառայողի ունակություններն ու ըստ այդմ հաջող ատեստացիան անցնելու պարագայում հաշվարկել հավելավճար փրկարար ծառայողների համար:
ԱԻՆ-ից ՆԳՆ կազմ տեղափոխված փրկարար ծառայության դեպքում ատեստավորումը կվերաբերի բոլոր՝ բարձրագույն, գլխավոր, միջին և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնողներին: Սարգսյանի խոսքով՝ տեսական ու գործնական քննություններն ամեն խմբի համար իրենց բնորոշ գիտելիքներն ու հմտությունները կստուգեն:
Արփինե Սարգսյան - Առաջին փորձից հետո, ենթադրենք՝ եթե չհաջողվեց հանձնել ատեստավորումը, առնվազն երկու հնարավորություն կունենան ատեստավորման համար: Ինչու առնվազն երկու հնարավորություն. որովհետև փրկարար ծառայության համակարգը ևս բավական մեծ համակարգ է, շուրջ 3500 ծառայողի մասին ենք խոսում այս դեպքում, և հետևապես պետք է ըստ ժամանակացույցի հասկանանք՝ երեք տարվա կտրվածքով ինչպես կարող ենք բովանդակային առումով կազմակերպել ատեստացիոն պրոցեսը:
Ինչպես ոստիկանությունում, այնպես էլ այս դեպքում փրկարարներին կտրվի մեկ անգամ վերապատրաստում անցնելու հնարավորություն: Կարճատև կուրսերը կսկսվեն 24-ի հունվարի մեկից: Օգտվել դրանից թե ոչ՝ Սարգսյանն ասում է, ծառայողն ինքն է որոշելու: Բայց եթե երեք տարում ատեստացիա չանցնի, հրաժեշտ կտա համակարգին: Նախագիծն առանձին կարգավորում է նախատեսում նաև հղի կամ ֆիզարձակուրդում գտնվող փրկարար կանանց համար:
Արփինե Սարգսյան - Եթե նրանք վերադառնան ֆիզիկական արձակուրդից, այս դեպքում արդեն մենք կկարողանանք երեք ամիս հետո նրանց հնարավորություն տալ մասնակցել ատեստացիոն պրոցեսին:
Ատեստացիան չի վերաբերի, սակայն, ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի փրկարար ծառայողներին: Փոխնախարարը բացատրում է՝ նպատակ կա միավորելու ոստիկանության կրթահամալիրն ու ԱԻՆ ակադեմիան, նախագիծն արդեն շրջանառվում է: Արփինե Սարգսյանի խոսքով՝ այդ միասնական ուսումնական հաստատությունում պետք է լինեն ավելի շատ քաղաքացիական ծառայողները, հետևաբար նրանց հարցում հետագայում կունենան առանձին կարգավորում: