Անկարայում կայացած հանդիպումից հետո Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Մևլութ Չավուշօղլուն հանդես են եկել մամուլի ասուլիսով:
«Կովկասում Իսրայելի ներկայությունը կարևոր հարցերից է, և Իրանը բոլոր կողմերին զգուշացնում է, որ Իսրայելի հետ կապված խելամտորեն գործեն և Կովկասում Իսրայելի համար տեղ չբացեն»,- ասել է Աբդոլլահիանը:
Նա հայտնել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել են Արաքսի ջրային ռեսուրսներից Իրանի լիարժեք օգտվելու հարցը:
«Մենք ողջունում ենք ցանկացած քառակողմ ձևաչափ: Խոսել ենք նաև Իրան, Ադրբեջան, Թուրքիա եռակողմ ձևաչափի մասին և համակարծիք ենք այս հարցում: Հետամուտ ենք նաև 3+3-ին»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը:
Չավուշօղլուն իր հերթին հայտնել է, որ թուրքական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպման նախապատրաստման տեխնիկական բանակցություններին: